20-ամյա Հրաչ Փիլիպոսյանի մահից 5 օր անց էլ Պաշտպանության նախարարությունը դեռ որևէ լուր չի հայտնել շարքային զիծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ։
Զոհված զինծառայողի ընտանիքին չեն այցելել ո՛չ ՊՆ-ից, ո՛չ էլ նախաքննական մարմիններից։ Զինվորի մորեղբայրը՝ Աշոտ Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ տղայի մարմինը ծնողներին զինկոմիսարիատն է փոխանցել։ Հողին են հանձնել՝ չիմանալով այդպես էլ, թե որն է մահվան պաշտոնական վարկածը. - «Համենայն դեպս, մենք կոնկրետ էդ թուղթը չենք տեսել, բայց Վարդենիսում, ոնց հասկացանք, մահը գրանցվել ա, Պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենայով, սպաների ներկայությամբ բերել էին»։
ՊՆ պաշտոնական կայքէջում զինվորի մահվան մասին լուր չկա։ Զանգերին չի պատասխանում ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Շարքային զինծառայողի մահվան լուրը լրատվամիջոցներով տարածվելուց հետո միայն նախարարությունը հաստատեց, որ հայ-ադրբեջանական սահմանին զինծառայող է զոհվել՝ առանց այլ մանրամասների։ Նույն օրը առավոտյան պաշտոնական Բաքուն հաղորդել էր, որ երեկոյան ու գիշերը սահմանի արևելյան ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
Հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ, հայտնի՞ են արդյոք զինվորի մահվան հանգամանքերը։ Այս ու այլ հարցերն անպատասխան է թողնում նաև Քննչական կոմիտեն։
«Պաշտոնապես Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն ա տարածում, որից հետո մենք՝ Քննչական կոմիտեն արդեն էդ հաղորդագրությանը անդրադառնում ա։ Մենք քանի որ չունենք հիմա էդ հաղորդագրությունը, մենք լուրը չենք տարածել։ Ես չեմ կարող ասել հիմա էս պահին ինչ իրավիճակ ա։ Տեղեկատվություն ես չեմ կարող տալ», - «Ազատությանն» ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
20-ամյա Հրաչը Ճամբարակի զորամասում էր ծառայում, մարտական հերթափոխի է եղել Վերին Շորժայի սահմանին։ Ի դեպ, զինծառայողի զոհվելու հենց նախորդ օրը սահմանի այս հատվածում էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Մինչ ռազամական գերատեսչությունը լռում էր, Վարդենիսի համայնքապետարանից էին հայտնել, որ հունիսի 18-ին սահմանի այս հատվածում փոխհրաձգություն է եղել, իրենց տեղեկություններով, զինծառայողը փոխհրաձգության հետևանքով է զոհվել։
Պաշտոնական տեղեկության բացակայության պայմաններում զոհված զինծառայողի հարազատները փորձել են մահվան հանգամանքները ճշտել տղայի ծառայակիցներից։
«Մեզ հասած տեղեկություններով, ստացել է բեկորային և հրազենային վնասվածքներ։ Սպաների հետ զրույցի ժամանակ մոտավորապես հասկանալի դարձավ, որ ժամը տասն անց հինգ-տասն անց տաս զեկուցել են, որ կրակոցներ է դիրքերում հակառակորդի կողմից, և տասն անց երեսունի սահմաններում զեկուցել են, որ վիրավոր ունենք», - փոխանցեց Խաչատրյանը։
Հրաչի մորեղբորը պատմել են, որ շտապօգնության մեքենան դիրքեր բարձրանալու հնարավորություն չի ունեցել. զինակիցներն են տղային պատգարակով մոտ 200 մետր իջեցրել դեպի մեքենան։ Հարազատներին ասել են, թե տղան մահացել է հոպիտալում, սակայն այս ամենը հերքող կամ հաստատող փաստաթղթեր դեռևս չկան։
«Բացարձակ անտարբերություն զինվորի մահվան և նրա ընտանիքի նկատմամբ», - ասում է բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նրա համար ռազմական գերատեսչության լռությունը նաև կասկածների տեղիք է տալիս։ Ի՞նչ վերաբերմունք է զոհված զինվորի ընտանիքի նկատմամբ, ի՞նչ են ուզում թաքցնել. - «Խիստ կասկածելի են տեղեկությունները, որ դա հակառակորդի կրակոցից է։ Պաշտպանության նախարարը գլխով է պատասխանատու յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։ Էդ ընտանիքները, որ վստահում են էդ բանակին, նա պարտավոր է պատասխան տալ էդ ընտանիքներին, թե ինչու են զոհվում զինվորները։ Ընդ որում, չի բարեհաճում մի հատ հանրությանը տեղեկություններ տրամադրել։ Եվ նրանց հետ միասին լռում է ամբողջ վերնախավը, երբ որ մամուլը գրում է, խոսում է դրա մասին։ Զինվորի նկատմամբ և նրա ընտանիքի նկատմամբ վերաբերմունքն է սա Պաշտպանության նախարարությունը գլխավորող Սուրեն Պապիկյանի կողմից, որը որևէ կերպ չի դիմել հանրությանը, չի խոսել, չի ցավակցել... Եվ նրա նշանակումից ի վեր բազմաթիվ մահվան դեպքեր կան, խաղաղ պայմանների մասին է խոսքը»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր հայկական բանակում զոհվել է 123 զինծառայող. նրանցից՝ 37-ը հակառակորդի կրակոցից։