Իրավապաշտպանները պնդում են, որ Իրանում «գաղտնի» մահապատժի է ենթարկվել քուրդ ակտիվիստ Ֆիրուզ Մուսալուն: Hengaw իրավապաշտպան կազմակերպությունը, որը մշտադիտարկում է իրականացնում արևմտյան Իրանի քրդաբնակ շրջաններում, այսօր հայտարարել է, որ Մուսալուն մահապատժի է ենթարկվել հունիսի 20-ին` Ուրմիայի կենտրոնական բանտում:
Կառույցի տեղեկություններով` Իրանի իշխանությունները մահապատժի մասին տեղյակ չեն պահել անգամ Մուսալուի փաստաբանին և ընտանիքին։
31-ամյա Մուսալուն մահապատժի էր դատապարտել «ընդդիմադիր խմբին անդամակցելու միջոցով Աստծո դեմ պատերազմ մղելու» մեղադրանքով։
Իրանում իրավապաշտպանների վիճակագրության և հրապարակման կենտրոնի՝ HRA-ի տվյալներով, 2021 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 20-ը մահապատժի է ենթարկվել առնվազն 299 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Կառույցի համաձայն՝ այդ երկրում մահապատիժների ավելի քան 85 տոկոսն իրականացվել է «գաղտնի»։
Amnesty International-ի գնահատականներով՝ Իրանը 2017 թվականից ի վեր գրանցել է մահապատիժների ամենաբարձր թիվը աշխարհում։