Մոսկվա կինոաթատրոնի լեփ-լեցուն դահլիճում շաբաթ երեկոյան Արտավազդ Փելեշյանի կինոարվեստի երկրպագուները դիտեցին նրա «Բնություն» խորագրով ֆիլմը: Պրեմիերան տեղի էր ունեցել 2020 թվականին Փարիզում: Ֆիլմը ստեղծման երկար ճանապարհ է անցել:
«17 տարի առաջ առաջարկեցին ինձ անել բնության աղետների մասին, նրանք տեսել էին իմ ֆիլմը` «Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» և ուզում էին նմանատիպ մի ֆիլմ: Մենք արեցինք այդ ֆիլմը, համաձայնեցինք, սկսեցինք աշխատել Փարիզում: Մի քանի ամիս հետո մենք տեղափոխվեցինք Գերմանիա, աշխատեցինք այնտեղ, և անսպասելին եղավ` պետությունը էմբարգո դրեց ինստիտուտի վրա», - նախքան ֆիլմի ցուցադրությունը պատմեց 84-ամյա ռեժիսոր Փելեշյանը` հավելելով, որ 15 տարի ֆիլմը պատրաստ է եղել:
Արտավազ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա էին նաև հյուրեր Ֆրանսիայից, Գերմանիայից:
Ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի ներկայացուցիչ Գրացիա Կուարյուպին շեշտեց, որ իրենց համար մեծ պատիվ էր մեծանուն արվեստագետ Արտավազդ Փելեշյանի հետ աշխատել, և մեծ պատիվ է ներկա գտնվել ֆիլմի հայաստանյան պրեմիերային։ Ասաց նաև, որ ժամանակակից արվեստի իրենց կենտրոնում կինոն շատ մեծ տեղ է գրավում։
«Cartier հիմնադրամը ծանոթացավ Արտավազդ Փելեշյանի հետ և առաջին իսկ հանդիպումից գիտակցեցի, որ համագործակցությունը երկար է տևելու, և որ միասին պետք է ստեղծենք մի նոր արվեստանմուշ, որը ֆիլմ է լինելու, որն անպայման լինելու է բնության շուրջ»:
«Ցավոք, - ասաց Գրացիա Կուարյուպին, - երկար տարիներ անհրաժեշտ եղան, մինչ ի վերջո կտեսնեինք մեր նախաձեռնության վերջնական արդյունքը՝ բնության արհավիրքների մասին պատմող Փելեշյանի «Բնություն» ֆիլմը»։
Տարիներ տևած աշխատանքի ընթացքում օրերից մի օր Փելեշյանն ասել է, որ այլևս չի ուզում աշխատել այդ ֆիլմի վրա. «Ասաց, որ անիմաստ է, ես այն արդեն տեսել եմ, ինքս արդեն տեսել եմ, ֆիլմը տեսել եմ իմ գլխում, և մենք կորցրեցինք հույսը, որ մենք էլ մի օր այն կտեսնենք, բայց միաժամանակ այդ միտքը մեզ թվաց անեզր գեղեցիկ», - նշեց Գրացիա Կուարյուպին:
Ֆիլմն ի վերջո ավարտվին է հասցվել և այս երկու տարիների ընթացքում փարիզյան պրեմիերայից հետո ցուցադրվել է բազմաթիվ երկրներում, իսկ երևանյան պրեմերայից հետո ֆիլմը ցուցադրվելու է Ավստրալիայում, այնուհետև Իտալիայում և այլ երկրներում, շեշտեց Գրացիա Կուարյուպին։
«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում այդ օրն անգամ կանգնելու տեղ չկար՝ հանդիսատեսը հեղեղել էր դահլիճը՝ տեսնելու Փելեշյանի նոր ստեղծագործությունը։ Ոմանք անգամ նախօրորք գնած տոմսերով և հրավիրատոմսերով չկարողացան մուտք գործել դահլիճ, քանի որ անհնար էր ճեղքել մարդկային հոծ բազմությունը։ Ֆիլմի ավարտին հանդիսատեսն անընդմեջ, երկար ծափահարություններով կրկին ողջունեց մեծանուն կինոռեժիսորին:
«Ես ոչ մի բանով չեմ տարբերվում ձեզանից, տանջվել եմ, տուժվել եմ, չարչարվել եմ, մի բան ասեմ, գիտեք ինչ` մի քանի անգամ նայել եմ, ֆինալը դուրս չի գալիս, որովհետև ուրիշ ֆինալ էր մտածված սցենարով, որ գրել էի ես», - ասաց Փելեշյանը: