Մատչելիության հղումներ

Բաքվում վախճանվել է Ռուսաստանի նախկին պետական քարտուղար Գենադի Բուրբուլիսը


Ռուսաստանի նախկին պետքարտուղար Գենադի Բուրբուլիս, արխիվ
Ռուսաստանի նախկին պետքարտուղար Գենադի Բուրբուլիս, արխիվ

Բաքվում 77 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության նախկին պետական քարտուղար, նախկին առաջին փոխվարչապետ և Պետական դումայի երկու գումարումների նախկին պատգամավոր Գենադի Բուրբուլիսը:

Ադրբեջանի մայրաքաղաքում նա մասնակցել է Բաքվի 9-րդ գլոբալ համաժողովին:

Բուրբուլիսի մահվան պատճառի, հուղարկավորության օրվա և վայրի մասին տեղեկություններ առայժմ չկան:

1990-ականներին Բուրբուլիսը համարվել է նախագահ Բորիս Ելցինի մերձավոր դաշնակիցներից և 1991 թվականի դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԽՍՀՄ գոյության դադարեցումն ազդարարած Բելովեժյան համաձայնության ստորագրմանը:

Հետագայում նրա և Ելցինի հարաբերություններում սառնություն է առաջացել, Բուրբուլիսը խորհրդարան է ընտրվել, աշխատել է որպես փոխնահանգապետ, եղել է Դաշնության խորհրդի սենատոր, սակայն երբեմնի ազդեցությունը կորցրել է և վճռական նշանակության խնդիրներ կարգավորող պաշտոնյաների թվում այլևս չի եղել:

Բուրբուլիսը ժամանակին զբաղեցրել է նաև Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահներ Սերգեյ Միրոնովի և Վալենտինա Մատվիենկոյի խորհրդականի պաշտոնը:

Գենադի Բուրբուլիսը քննադատել է 2014 թվականի գարնանը Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից:

Բելովեժյան համաձայնությունը ստորագրած պաշտոնյաներից այժմ ողջ է միայն Ուկրաինայի նախկին վարչապետ Վիտոլդ Ֆոկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG