Մատչելիության հղումներ

Ռուս հումորիստը պնդում է՝ Հայաստանում քաղաքական հետապնդման է ենթարկվում, ըստ փաստաբանի, «նման բան գոյություն չունի»


Երեկվանից ռուս հումորիստ Տանյա Շչուկինայի թվիթերյան հարթակում միայն փրկության կանչեր են. «Ամեն ինչ տեղի է ունեցել Հայաստանում, քաղաք Երևան: Օգնեցեք: Ես վախենում եմ կյանքիս համար, քաղաքական ապաստան եմ խնդրում»:

Երիտասարդ սթենդափերը Երևանում է հաստատվել, իր խոսքով, ընդդիմադիր հայացքների, հակապատերազմական կեցվածքի ու Պուտինի վերաբերյալ կատակների պատճառով, նրան խորհուրդ են տվել հեռանալ Ռուսաստանից և չվերադառնալ:

Տանյա Շչուկինան վերջին ամիսներին կատակում էր երևանյան ակումբներում՝ մինչև երեկ նա հաղորդագրություն տարածեց, թե ոստիկանությունը Ռուսաստանի հրահանգով ձերբակալել է իր սիրած տղային ու ընկերուհուն, փնտրում են իրեն՝ ինքն էլ թաքնված է: Ըստ Շչուկինայի, Հայաստանը ցանկանում է արտահանձնել իրեն Ռուսաստանին, որտեղ իրեն բանտ ու մահ է սպասվում: Քաղաքական հետապնդման վերաբերյալ այս ահազանգից հետո ոստիկանության Էրեբունու բաժին շտապեցին հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներ, նաև Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը:

«Ես բավական արագ եկա այն եզրակացության, թեև ես իրավաբան չեմ և իրավունք չունեմ միանշանակ կարծիք հայտնելու, բայց իմ անձնական տպավորությունը, որ սա միանգամայն կենցաղային հարց է, որը շատ իզուր փորձում էին քաղաքականացնել»​, - նշեց Խզմալյանը:

Ինչո՞ւ են իրավապահները փնտրել հումորիստին ու բաժին տարել նրա հետ ապրող մարդկանց։ Հայաստանի Քննչական կոմիտեից տեղեկացանք՝ խոսքը բացառապես մի քրեական գործի մասին է, որը հարուցվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Մայիսի 10-ին անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի մի բնակիչ գանգուղեղային վնասվածք է ստացել։ Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Բոգաչյովը ներկայացել է ոստիկանություն, իսկ Միխայիլ Բոդրովը բերման է ենթարկվել, ըստ կոմիտեի, հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով: Հարցաքննվել են որպես վկա՝ կասկածյալի իրավունքներով, ասում է նրանց փաստաբան Արսեն Սարդարյանը:

«Իմ խորին համոզմամբ՝ իրենք առնչություն չունեն և համոզված եմ, որ վարույթ իրականացնող մարմնի մոտ այդ չնչին կասկածը այն աստիճանի չնչին է, որ կարգավիճակ չի տրվել, նույնիսկ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց չի կիրառվել, այդ կասկածները նույնպես փարատվելու են, և մեր հարգարժան Ռուսաստանի քաղաքացիներ Միխայիլը և Սվետլանան որևէ խնդիր չեն ունենալու: Բայց այստեղ խոսել ինչ-որ քաղաքական ենթատեքստերի մասին բացարձակ ավելորդ է, որովհետև նման բան ուղղակի գոյություն չունի», - նշեց Սարդարյանը:

Փաստաբանը շեշտում է՝ Ռուսաստանի քաղաքացիները բաժնից դուրս են եկել առանց որևէ կարգավիճակ ստանալու, նշանակում է քննչական մարմինները փարատել են կասկածները նրանց անմեղության վերաբերյալ: Շչուկինայի ընկերը, սակայն, պատմում էր ոստիկանների բռնության, անհարգալից վերաբերմունքի մասին:

Փաստաբանն ասում է՝ գուցե բերման ենթարկելիս խախտումներ են եղել, ինքը միացել է իր պաշտպանյալներին հարցաքննության ժամանակ: Փաստաբանը կասկած չունի ՝ այս պատմությունը քաղաքական ոչ մի հնչերանգ չունի, ծեծկռտուքի թեմա է: «Ոչ մի ծեծի մասնակից էլ չենք եղել»,- հաղորդագրություն է տարածում Շչուկինան ու շարունակում օգնություն խնդրել, - «Միշային ու Սվետային արձակել են առանց որևէ կարգավիճակի, գողանալով անձնագրերն ու հեռախոսները։ Օգնեցեք ինձ, ես հանցագործ չեմ, ես կոմիկ եմ, չեմ ուզում հանուն ճշմարտության ու հումորի մեռնել Ռուսաստանի ձեռքով՝ Հայաստանի մասնակցությամբ»:

«Կատարվում են քննչական գործողություններ, օրինակ, առգրավված են նրանց հեռախոսները, և ես ինչպես հասկացել եմ, դատարան դիմելու են թույլտվություն ստանալու՝ այդ հեռախոսները զննելու», - ասաց փաստաբանը:

Շչուկինան փաստաբաններին անվստահություն է հայտնում և այժմ նոր փաստաբանի փնտրտուք է սկսել։ Նրա հետ զրուցել չստացվեց, սկզբում համաձայնեց, հետո չարձագանքեց։ Տիգրան Խզմալյանը, որ մի քանի անգամ այս միջադեպի հերոսուհու հետ խոսել է, ասում է բնական է ռուս այլախոհների տագնապը իրավապահների հետ շփումներում:

«Ռուս փախստականները սարսափում են ոստիկանությունից, իրենք ձևավորվել են մի երկրում, որտեղ ոստիկանությունը գեստապոյի պես մի բան է», - ընդգծեց Խզմալյանը:

Այնուամենայնիվ, դարձյալ շեշտում է, որ սա ամենայն հավանականությամբ կենցաղային մի պատահար է, որտեղ օրիորդը վկա է եղել, սակայն թեման երեկվանից եռում է քաղաքական հալածանքի գլխագրերով:

«Մի շարք պատասխանատու մարդիկ սկսեցին մարել այդ հրդեհը, որը հասել էր Խոդորկովսկ, հասել էր Միացյալ Նահանգների դեսպանատուն», - նշեց Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահը:

Սա, ցավոք, շատ ուժեղ հանիրավի հարված է Հայաստանի հեղինակությանը, ասում է Դավր Դորջին, որ Ռուսաստանից Երևան է տեղափոխվել ու մարդու իրավունքներով զբաղվող միություն է ղեկավարում. երեկ լսել է թե՛ իրավապահներին ու թե՛ Շչուկինային:

«Խոսքը չի գնում քաղաքական հետապնդման մասին, իսկապես խոսքը կենցաղային հանցագործության մասին է, որ մի կողմից Հայաստանում է տեղի ունեցել, մյուս կողմից տեսանելի կամ անտեսանելի կապ չունի Ռուսաստանի հետ», - ասաց Դորջին:

Նա կարծում է՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը զգոն է և այստեղ հաստատված ռուս ընդդիմադիրների համար քաղաքական ռիսկեր չկան:

Տանյա Շչուկինան Երևանից հեռանալու մտադրության մասին արդեն գրել է՝ երկու կատուներին ու շանը, որոնց դժվարությամբ էր հասցրել Հայաստան՝ անորոշ ժամկետով բարի մարդկանց խնամքին է թողել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG