Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն. Փաշինյան


Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն, և այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ-ում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ԱԽ քարտուղարների և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացումը «մեր նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է, և մենք կարծել ու կարծում ենք, որ պետք է լավարկել կոնկրետ իրավիճակներին արագ և ճգնաժամային արձագանքման մեխանիզմները»:

«Ցանկանում եմ նշել, որ սկզբունքորեն մենք նաև իրավական դաշտ ունենք այդ առումով, և 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ընդունվել է դրույթ՝ ճգնաժամային իրավիճակներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքելու կարգի վերաբերյալ, և ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը բավական հասկանալիորեն ձևակերպում է այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն մեր կազմակերպությունում: Մասնավորապես, այնտեղ նախատեսված է, թե մենք որը պետք է համարենք ճգնաժամային իրավիճակ, և ինչպես պետք է դրան արձագանքենք», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Շարունակելով Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ այդ դրույթում կա նաև այսպիսի հասկացություն՝ «առաքելություն», որը ձևակերպված է հետևյալ կերպ. անդամ պետությունների մասնագետների խումբ՝ կազմված ՀԱՊԿ անդամ պետությունների՝ այս դրույթին համապատասխան նշանակված ներկայացուցիչներից և ժամանակավորապես ճգնաժամային իրավիճակի գոտի ուղարկվող՝ իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու, իրադրությունը տեղում որոշելու և ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և կարգավորման ուղղությամբ կազմակերպության հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկներ մշակելու, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից սահմանված այլ գործառույթներ իրականացնելու նպատակով:

Ցանկանում եմ նաև ուշադրություն հրավիրել, որ այս փաստաթղթի երկրորդ գլխում կա «Մոնիթորինգ» կոչվող գլուխ, և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտական հիմունքով իրականացնում է կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի և դրա զարգացման միտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն՝ ճգնաժամային իրավիճակների նախադրյալները վերհանելու նպատակով»:

Նշելով, որ անցած տարվա մայիսի 12-ին, ադրբեջանական զինուժը ներխուժել էին Հայաստանի տարածք, որից հետո Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ Հայաստանի վարչապետն ընդգծեց. «Տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունները շարունակվում են, և մենք այս հարցը պետք է քննարկենք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ դա և՛ մեզ, և՛ կազմակերպության համար շատ սկզբունքային հարց է»:

«Ես ցանկանում եմ նշել նաև հետևյալը. մեր տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո որոշ մեկնաբանություններ եղան առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա սահմանագծված և սահմանազատված սահման: Անկեղծ ասած, սա բավական վտանգավոր ձևակերպում է, քանի որ ահա մենք ասում ենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի: Եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնվեն այն սահմանները, որոնցով իրականացվել են դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացները, դա կարող է լղոզել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հասկացությունը, քանի որ հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է սկսվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, և որտե՞ղ է ավարտվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ «մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի կոնկրետ սահման, քանի որ 1991 թվականին, երբ ստեղծվել է Անկախ պետությունների համագործակցությունը, ստորագրվել է միջպետական համաձայնագիր, որում հստակ գրված է, սահմանված է, որ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց միջև գոյություն ունեցող սահմանները: Այստեղ նկատի են առնվում Խորհրդային միության ժամանակաշրջանի վարչական սահմանները, և ես կարծում եմ, որ մենք պետք է այս ելակետն ունենանք»:

Այս իրավիճակի հակառակ մեկնաբանությունը, Փաշինյանի կարծիքով, կնվազեցնի ՀԱՊԿ արդյունավետությունը:

«Հուսով եմ, որ այս հանդիպման և ձեր նիստի ընթացքում նշված նյուանսները նույնպես կքննարկվեն: Վերջերս Մոսկվայում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը, ես բարձրացրել եմ այս հարցը: Մենք քննարկում ենք սկսել, և ցանկանում եմ ևս մեկ անգամ, որպես նախագահող, հանձնարարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ մեր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան կազմակերպել այս հարցը, քանի որ հիմա իրավիճակը մեր տարածաշրջանում, կարելի է ասել, կայուն լարված է: Բայց այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, պետք է նախազգուշացնող լինեն, և կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ ձևաչափում», - ասաց նա:

Վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հետ քննարկել է կազմակերպության օրակարգին և գործունեությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ:

XS
SM
MD
LG