«Չնայած առկա լարվածությանը Աթենքը ցանկանում է բաց պահել Թուրքիայի հետ շփման հնարավորությունները», - Կիպրոս կատարած այցի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Հունական կառավարության ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Աթենքը պատրաստվում է անտեսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին ռազմաշունչ հայտարությունները, որոնցով թուրքական պետության ղեկավարը հիշեցրել էր 1922 թվականին Հունաստանի կրած պարտության մասին՝ ակնարկելով դրա կրկնության հնարավորությունը։
«Մենք մի կողմ կթողնենք այն հռետորաբանությունը, որ հակասում է ընդունված դիվանագիտական պրակտիկային։ Վստահ եմ, որ նման մոտեցումը թույլ կտա մեզ արագորեն հանդարտեցնել իրավիճակը՝ բաց թողնելով Անկարայի հետ շփման խողովակները։ Ըստ իս, նույնիսկ ամենադժվարին պահերին դրանք չպետք է փակվեն», - հայտարարել է Հունաստանի վարչապետը։