Տիկին Լիանան լսել է, որ ուզում են ժողովրդական արտիստի, վաստակավոր արտիստի կոչումները չեղարկել։ Համաձայն չէ, այնքան արժանիներ կան, ասում է. - «Չէ, սխալ ա, որ չտան, ո՞նց չտան»։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է երկու օր առաջ հանրային քննարկման դրել մի նախագիծ, որով պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին օրենքից դուրս են գալիս «Ժողովրդական արտիստի», «Ժողովրդական նկարչի», «Վաստակավոր արտիստի» և «Վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները։ Եվ որպեսզի մշակույթի ու արվեստի բնագավառի մարդիկ չմնան առանց պատվավոր կոչման հեռանկարի, պահպանվում են «Արվեստի վաստակավոր գործչի» ու «Մշակույթի վաստակավոր գործչի» կոչումները։
«Նախագիծը գրվում և որոշվում է, որ այդ կոչումները այլևս չլինեն, բայց չեմ հասկանում, թե մյուս երկուսը ինչու պիտի լինեն», - «Ազատության» հետ զրույցում ասում է ՀՀ ժողովրդական արտիստ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։
Նա 20 տարի առաջ է ստացել վաստակավոր արտիստի կոչումը, շատ ավելի ուշ ժողովրդական արտիստ էր. սա պատվավոր կոչումներից ամենապատվավորն է, նաև ցմահ պատվովճար կա՝ ամսական 40 հազար դրամ։
Էլբակյանն ինքը այն կարծիքին է, որ այս ամենը խորհրդային մնացուկ է, որ հորինվել է «ավտարիտետների միջոցով գաղափարական գիծ սպասարկելու համար». - «Այդ կոչումները հնարել են մարդկանց ստորացնելու համար»։
Էլբակյանն այն կարծիքին է, որ պետությունն արվեստագետի տաղանդն ու աշխատանքը այլ կերպ պիտի գնահատի. - «Վարագույնը բացվում է, երևում է՝ դու արտիստ ես, թե արտիստ չես»։
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ով այս փոփոխության նախաձեռնողներից է, շարում է բոլոր այն խնդիրները, որ ծագում են այս կոչումների բաժանմանը զուգահեռ։ Նախ արվեստի մարդն ինքն է ժողովրդականի կոչում պահանջում, այդ պահանջը հիմնավորում մի քանի այլ ժողովրդականների երաշխավորագրերով։ Իսկ կոչումն ստանալուց հետո մի այլ պատմություն է զարգանում. - «Թատրոններում սկսվում է իրարանցում, անձնական թշնամանք, մրցակցությունը մասնագիտական դաշտից տեղափոխվում է տիտղոսների ու հեղինակությունների դաշտ...»
Հետո էլ կոլեկտիվի ժողովրդականի կոչումով աշխատակիցը դառնում է համարյա անձեռնմխելի. - «Դուք մի պահ պատկերացրեք, որ տնօրենը ազատում է Ժողովրդական արտիստ Պողոս Պողոսյանին։ Դուք դրա ամբողջ դեմագոգիան, դրա ամբողջ վայնասունը պատկերացնո՞ւմ եք»։
Փոխնախարարը շեշտում է՝ այդ տիտղոսներով տարիներ շարունակ քողարկել են մասնագիտական մերկությունը։ Անուններ, բնականաբար, չի տա, բայց կարծում է, որ արժանավորներին պետությունն այլ կերպ պիտի աջակցի, օրինակ՝ դրամաշնորհներով կամ տեղեկատվություն, գովազդ ապահովելով։ Այդ դեպքում ինչո՞ւ են պահպանվել արվեստի ու մշակույթի վաստակավոր գործչի կոչումները։ Խզմալյանն ասում է՝ մեղմորեն ենք փոխում. - «Ցանկացած լավ նպատակներով ճանապարհը տանում է դեպի դժոխք։ Պետք չէ միանգամից ամեն ինչ չեղարկել»։
Այս նոր նախագիծը բնականաբար չի ենթադրում, որ ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչումներ ստացածները պիտի զրկվեն դրանցից։ Ուղղակի նորերը չեն լինի։
Հայաստանում պարբերաբար տարակուսանքի ալիքներ են բարձրացել, երբ տոների առթիվ կոչումներ էին բաժանվում։ Ռաբիս երգիչ Արմենչիկը, օրինակ, Վաստակավոր արտիստի կոչման է արժանացել երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար։ Եվ այս ժանրում աշխատող էլի մարդիկ են այս կոչմանն արժանացել. միայն երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին շուրջ 30 հոգի ժողովրդական արտիստ է դարձել, 120-ը՝ վաստակավոր։
«Ազատության» փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ երևանցիների կարծիքներն այս հարցում գրեթե հավասար կիսվում են։