Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը. ԵԽ Գլխավոր քարտուղար


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին:

Վարչապետը կարևորել է միջազգային հանրության, նաև ԵԽ աջակցությունը խնդրի լուծմանը և շնորհակալություն հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին հարցին բազմակի անդրադառնալու համար:

Հանդիպման ընթացքում Փաշինյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, խաղաղության օրակարգի շուրջ և կարևորել միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին:

Վարչապետը նշել է, որ որպես ԵԽ անդամ երկիր՝ Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորում է համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի կայացման գործընթացում:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչն իր հերթին ասել է՝ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը և իր այցի նպատակն է առավել ամրապնդել այն:

Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները և բարձր գնահատել 2021 թվականի «միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք ազատ էին և մրցակցային»:

Նիկոլ Փաշինյանը և Մարիա Բուրիչը անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի: Քննարկմել են արդարադատության ոլորտի բարեփոխման ընթացքն ու մարտահրավերները: Վարչապետը նշել է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևորությունը: Քննարկվել է ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: Ընդգծվել է երկխոսության կարևորությունը խաղաղության և բարգավաճման հասնելու ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG