Մատչելիության հղումներ

McDonald's-ը Ռուսաստանում նոր անվանում ունի


Ռուսաստան - "Вкусно и точка" ռեստորաններից մեկի բացումը Մոսկվայում, ձախից երկրորդը Ալեքսանդր Գովորն է, 14-ը հունիսի, 2022թ.
Ռուսաստան - "Вкусно и точка" ռեստորաններից մեկի բացումը Մոսկվայում, ձախից երկրորդը Ալեքսանդր Գովորն է, 14-ը հունիսի, 2022թ.

Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ ամերիկյան McDonald's-ին փոխարինելու եկած ու վերաբրենդավորված ռուսական "Вкусно и точка" («Համեղ է և վերջակետ», Vkusno & tochka) ընկերության առաջին ռեստորանների բացումը։

McDonald's-ը բազմաթիվ արևմտյան ընկերությունների շարքում առաջիններից էր, որ լքեց Ռուսաստանը՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի։ McDonald's-ի ռուսական վերաբրենդավորված տարբերակը, որը ոմանք հնարք են անվանում, նպատակ ունի ոչ միայն համբուրգեր մատուցել, այլ նաև վերահաստատել ռուսական ինքնաբավությունն ու անհնազանդությունը:

Մոսկվայում McDonald's-ի սիրահարների ակնկալիքները մեծ էին։ Մարդիկ ցանկանում էին տեսնել, թե ինչպիսին կլինի նոր ռեստորանը, որը կփոխարինի ամերիկյան ֆասթ ֆուդի ցանցին։ Սիբիրի հանքարդյունաբերության մագնատ, ռուս օլիգարխ Ալեքսանդր Գովորը որոշեց նոր շունչ հաղորդել՝ վերականդանացնել McDonald's-ի 800 ռեստորանները, որոնց ճաշացանկն այժմ գրեթե ամբողջությամբ պատրաստվում է տեղական մթերքով: Համբուրգերների հետևում, սակայն, նաև քաղաքական ուղերձ կա.

«Ես, անկասկած, հայրենասեր եմ: Դա ինձ համար ամենակարևորն է: Բայց սա ուղղված չէ որևէ մեկի՝ ոչ Ամերիկայի, ոչ էլ որևէ այլ երկրի դեմ», - ասել է "Вкусно и точка" ռեստորանային ցանցի հիմնադիր Ալեքսանդր Գովորը:

Եռամսյա դադարից հետո երբեմնի McDonald's ռեստորանների դռները կրկին բացվել են, սակայն նոր անվան տակ։ Հաճախորդները, սակայն, շարունակում են օգտագործել ռեստորանային ցանցի նախկին՝ ամերիկյան ֆիրմային անվանումը:

«Կարծում եմ՝ մենք կշարունակենք այն McDonald's անվանել», - ասում է ռեստորանի հաճախորդ Անտոն Գլադկովը:

Նոր ռեստորանը, որի ճաշացանկը հիմնականում նույնն է, ինչ McDonald's-ինը, առաջին իսկ օրը հակասական արձագանքների արժանացավ ամերիկյան արագ սննդի սիրահարների շրջանում։

«Ես ամեն ինչ փորձել եմ՝ տաք, սառը, աղի և քաղցր: Ամեն ինչ լավ է», - ասում է ռեստորանի հաճախորդ Դարիա Կուզմինան։

«Ինձ շատ էր դուր գալիս McDonald's-ի կերպարը, նրա գույնն ու ուժը: Հիմա ամեն ինչ ավելի մեղմ, ավելի տխուր տոների մեջ է, ըստ իս», - ասում է ռեստորանների մեկ այլ հաճախորդ՝ Մարիա Շավալովան։

McDonald's-ը Խորհրդային Միություն էր մուտք գործել 32 տարի առաջ, երբ Ռուսաստանը նոր էր բացվում աշխարհի առաջ: Ռուսական շուկայից ընկերությունը հեռացել է անժամկետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG