Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահն ընդունել է ԱՄՆ-ի պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իր նստավայրում ընդունել է ԱՄՆ-ի պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըըն Դոնֆրիդին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անցած երեք տասնամյակում երկու երկրների համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի, անվտանգության և այլ բնագավառներում:

Դոնֆրիդը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած աջակցության, այդ թվում՝ մարդասիրական օգնություն և շտապօգնության մեքենաների համար վառելիք ուղարկելու կապակցությամբ:

Պետքարտուղարն ասել է, թե Վաշինգտոնը ողջունում է Եվրամիության աջակցությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ըստ «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության, Ալիևն ասել է, թե ցանկանում է «Հարավային Կովկասը տեսնել որպես համագործակցության տարածաշրջան»:

ԱՄՆ-ի պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդն առաջիկա օրերին կայցելի նաև Վրաստան և Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG