Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքի բնակիչը պնդում է, որ կառուցապատողը ոտնահարում է իր սեփականության իրավունքը


Երևանի Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 հասցեի բնակիչ Անդրանիկ Մանուկյան
Երևանի Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 հասցեի բնակիչ Անդրանիկ Մանուկյան

Երևանի Կենտրոն համայնքի բնակիչ Անդրանիկ Մանուկյանն ամիսներ շարունակ փորձում է քաղաքային իշխանությանը բացատրել, որ իր սեփական տարածքի հաշվին է բազմահարկ շենքը վեր խոյանում։ Պետական ատյան չի մնացել, որ դիմումներ չգրի։ Պատմեց, որ անգամ դատարան է դիմել, որ բացատրի՝ կառուցապատողը խախտում է իր իրավունքները. բակ դուրս գալը վտանգավոր է դարձել, իր տնից մի քանի քայլ հեռավորության վրա կառուցվող բազմաբնակարանի շինհրապարակից վտանգավոր թափոններ են թափվում ուղիղ դռան առջև, չեն պահպանվում նաև աշխատանքային ժամերը։

Մանուկյանի դատական հայցը դեռ ընթացք չի ստացել։ Ինքն էլ հուսահատությունից փոխքաղաքապետին է հրավիրել, որ անձամբ տեսնի իրավիճակը, պաշտոնյան չի եկել։ Պատմեց, որ մինչև շինարարությունն սկսելը կառուցապատողներն իրեն հավաստիացրել են, թե իր տնից 20 մետր հեռավորությամբ ցածրահարկ շինություն են կառուցելու, և իր տունն ու տարածքը չեն տուժի։ Բայց հետո նկատել է, որ շինարարությունն անընդհատ ընդարձակվում է։

55-ամյա բնակչի խոսքով՝ եռահարկ իր տան հարևանությամբ մեկ հարկանի տուն էլ ուներ, որն ավերվել է՝ շինարարական ամրաններ են մտել իր տան մեջ. - «Իմ հողն է, իմ տունն է, իմ տարածքն է։ Երկուս ու կես մետր էկել ա մտել ա տան մեջ»։

Կառուցապատող ՕԳՏԱԳՈՆ ընկերության փաստաբան Տիգրան Խուրշուդյանը մինչդեռ հակադարձում է՝ նախնական համաձայնություն են ունեցել Անդրանիկ Մանուկյանի հետ, որ եթե շինարարության հետևանքով նրա տունը վնասվի, կփոխհատուցեն, բայց նման պահանջ նրանից դեռ չեն ստացել։

Ի պատասխան «Ազատության» դիտարկմանը, որ հարակից շենքերից ու տներից էլ կան բնակիչներ, որ ստորագրահավաք են կազմակերպում ի նշան բողոքի՝ փաստաբանն ասաց, որ մի քանի դժգոհ մարդկանց հետ խոսել են, ցույց տվել նախագիծը, որտեղ խաղահրապարակ է լինելու, նաև հարակից շենքերի համար նախատեսված, կանաչապատ ու բարակարգ տարածք, և դրանից հետո բողոք չեն լսել։

Խուրշուդյանի խոսքով, Անդրանիկ Մանուկյանը տեղյակ է եղել, որ բարձրահարկ է կառուցվում, պնդեց՝ ոչ թե իրենք, այլ բնակիչն է խոչընդոտում իրենց աշխատանքներին։

Փաստաբանն ասաց, թե Մանուկյանը սեփականության իրավունքի հետ կապված խնդիրներ ունի. - «Եթե հիմքերը դրել ենք յոթ մետր կամ ութ մետր հեռավորության վրա, որևէ տրամաբանություն չկա շենքը տանենք քսան մետր։ Եթե 2020 թվականին հիմքերը կառուցվել են շինարարության թույլտվության հիմքով և համապատասխան հեռավորության վրա, ապա մենք ուղղակի չէինք կարող նման հեքիաթ հորինեինք, որ քսան մետր հեռու պիտի կառուցենք»։

Փաստաբանը պնդում է, թե կառուցապատողը ոչ մի խախտում չի անում, իսկ նախկինում եղած փոքր շեղումները վերացրել են։

Քաղաքապետարանից «Ազատության» հարցին պատասխանեցին մի խրթին տեքստով, ըստ որի շինթույլտվությունը տրվել է մի քանի մարմինների դրական եզրակացության հիմքով, իսկ աշխատանքային քննարկման ընթացքում լսել են Անդրանիկ Մանուկյանին մտահոգող հարցերը:

Մինչդեռ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց վերջին եզրակացությամբ արձանագրել են մի շարք խախտումներ, անգամ շինարարությունը կասեցնելու կարիք են տեսել։ Փաթեթը, ասացին, ուղարկել են նաև վարչապետի աշխատակազմ։ Պատասխան դեռ չկա։

Երևանում կառուցապատման խնդիրներն ուսումնասիրած Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը ասում է՝ քանի դեռ ոլորտը կարգավորող օրենքներն ու նորմատիվները բազմաթիվ հակասություններ ունեն, դժգոհ բնակիչների ու կառուցապատողների թիվը միայն կավելանա։

Փորձագետը պնդում է՝ օրենքները պարզեցնելու քաղաքական կամք 2000-ականներից մինչև այսօր չկա, որովհետև Երևանում կառուցապատումը գերշահութաբեր գործ է, այստեղ նաև բազմաթիվ շահեր են բախվում. - «Ստեղծված է կարելի է ասել փակ միջավայր, փակ կաթսա, որի մեջ որոշակի կառուցապատողներ են և պետական չինովնիկներ, որոնք պետք է թվացյալ զսպեն այն ցանկությունները, որոնք քաղաքի շահերին հակառակ իրականացնում են անհագուրդ կառուցապատում, բայց մենք տեսնում ենք, որ իրականում նման բան տեղի չի ունենում։ Քաղաքացին էս արանքում տուժում է և տարիներ շարունակ ընկնում է դատարանի դռները՝ փորձելով գտնել արդարադատություն»։

Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 հասցեի բնակիչ Անդրանիկ Մանուկյանը «Գաթա Բենդ»-ի հիմնադիրն է, ստեղծագործում էր տանը, հիմա դռնեդուռ ընկած արդարություն է փնտրում։

Կառուցապատող ըներության փաստաբանն էլ ասում է՝ ո'չ Մանուկյանի իրավունքներն են ոտնահարում, ո'չ էլ օրենք են խախտում, ուստի արդարություն փնտրելու կարիք չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG