Մատչելիության հղումներ

Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը նախ հաստատեց նրա կողմից բռնության ենթարկվելը, ապա հերքեց


Իշխող խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի շուրջ ծագած սկանդալը նոր զարգացումներ է ստացել։ Մինչ դատախազությունն ուսումնասիրում է նրա արդեն նախկին քաղաքացիական կնոջ հայտարարությունը, ինքը` պատգամավորը հերքում է, թե բռնություն է գործադրել իր հետ 2 տարի նույն հարկի տակ ապրած կնոջ նկատմամբ։

«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակվել, զանգել եմ Գլխավոր դատախազություն, տեղյակ պահել, որ գործին ընթացք տան, ուսումնասիրեն, առայժմ այսքանը», - ասել էր Բաքոյանը:

Դատախազությունը, սակայն, որևէ դիմում պատգամավորից չի ստացել, փոխարենը ուրբաթ օրը երբ առաջին լրատվամիջոցը՝ Politik.am-ը հրապարակեց հարցազրույց Բաքոյանի նախկին կնոջ հետ՝ նրա նկատմամբ բռնության մասին, դատախազությունը սկսեց զբաղվել թեմայով: Կհարուցվի, թե ոչ քրեական գործ, առայժմ հայտնի չէ։

Ի վերջո Բաքոյանը հարվածե՞լ է, թե՞ ոչ նախկին կնոջը, Ազգային ժողովի միջանցքում այսօր այս հարցը հնչեց պատգամավորին:

«Ոչ», - ասաց նա, ապա հավելեց. «Որևէ կերպ չեմ ուզում որևէ բան մեկնաբանել»:

Մինչ այդ այսօր օրվա առաջին կեսին Բաքոյանի նախկին կինը, որ խնդրեց իր անուն-ազգանունը չհրապարակել, «Ազատության» հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ այն, ինչ պատմել է Politik.am-ին, ճիշտ է` երկու տարի ապրել է Բաքոյանի հետ, եղել են քաղաքացիական ամուսիններ, փաստաթղթերով չեն ամուսնացել, քանի որ Բաքոյանն ազգությամբ եզդի է ու ըստ համայնքի կանոնների` չէր կարող կյանքը կապել այլազգի, այս դեպքում՝ հայ կնոջ հետ։ Ըստ նրա` համատեղ կյանքի ընթացքում մի քանի անգամ ենթարկվել է բռնությունների ամուսնու կողմից, դրանցից ամենավտանգավորը եղել է 2020 թվականի վերջին, որից հետո էլ արված լուսանկարներն էլ նա տրամադրել էր լրատվամիջոցին։

Արդեն «Ազատության» հետ Բաքոյանի նախկին կինը զրուցեց չձայնագրվելու պայմանով և ասաց. «Ինձ համար էր շոկ, երբ առաջին անգամ բռնության ենթարկվեցի։ Հետո շատ հաճախակի չէ, բայց բռնությունները կրկնվել են հատկապես առաջին տարում։ Վերջին մեկ տարում բռնություններ գրեթե չեն եղել, երևի գիտակցեց, որ չէր կարելի։ Ես փորձել եմ իրեն հասկանալ, որ միգուցե նյարդային լավ վիճակում չէր»։

Մեզ հետ զրույցում կինը ավելացրել էր, որ կարող ենք ամբողջովին վստահել իր խոսքին։ Ավելի ուշ` արդեն օրվա 2-րդ կեսին նա կապվեց մեզ հետ և խնդրեց հերքել իր խոսքերը հետևյալ տեքստով. «Հունիսի 10-ին հրապարակված մի քանի հոդվածները [իր նկատմամբ կիրառված բռնության մասին] հոդվածները չեն համապատասխանում իրականությանը։ Հերքում եմ և հայցում եմ Ռուստամ Բաքոյանի ներողամտությունը կատարվածի վերաբերյալ»:

Ըստ իրավապաշտպանի` այս պատմությունը պատշաճ քննության պիտի արժանանա

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հույս ունի, որ աղմկահարույց այս պատմությունը պատշաճ քննության կարժանանա ու չի փակվի կնոջ հերքումից հետո. «Խնդրին հետամուտ պիտի լինի ոչ միայն իրավապահ համակարգը, այլև քաղաքական այն ուժը, որը ներկայացնում է տվյալ անձը: Այս դեպքում ես կարևոր եմ համարում նաև կուսակցության ներսում խնդրի ողջ էության քննարկումը և տվյալ անձի նկատմամբ որոշակի գործողությունների իրականացումը, որովհետև իսկապես ընտանեկան բռնության հարցը բավական լուրջ խնդիր է Հայաստանում»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում իրենց պատգամավորի կողմից ընտանեկան բռնության հնարավոր դեպքը քննարկման առարկա դարձել է՞, թե՞ ոչ, հավանական է՞, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով. այսօր խմբակցության ղեկավարն ու քարտուղարը մեր զանգերին չպատասխանեցին, այլ պատգամավորների դիմեցինք, որոնք ևս մեր հարցերն անպատասխան թողեցին։

«Ամեն դեպքում մի օր Հայաստանում այդպիսի նախադեպ պետք է լինի, որպեսզի կանայք իսկապես զգան, որ պետությունը կամ քաղաքական այն ուժը, որը կանգնած է պետության ղեկին, ունի քաղաքական կամք` արձագանքելու ընտանեկան բռնության դեպքերին, արձագանքելու կանանց նկատմամբ բռնության խնդրին, և դա, իհարկե, մեկ քայլ առաջ կլինի այդ խնդրի բարձրաձայնման և խնդրին լուծման ուղղությամբ», - ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը նշում է՝ չի ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ բռնության ենթարկված կանայք հաճախ են հետ կանգնում իրենց խոսքերից. «Խնդիրներ են առաջացել այդ անձանց կողմից ճնշումների, և նրանք ենթադրել են, որ բարձրաձայնումն էլ ավելի իրենց կվնասի, կամ գործընթացը էլ ավելի իրենց կհայտնվեցնի ավելի դժվար իրավիճակում, քան հնարավոր է ակնկալել»:

Ըստ Հովհաննիսյանի` այս դեպքի մանրամասների բացահայտումն առավել քան կարևոր է, քանի որ խոսքը հանրային անձի և ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահի մասին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG