Այսօր վախճանվեց հայ թատրոնի և կինոյի լավագույն ներկայացուցիչներից մեկը մեկը՝ Ռաֆայել Քոթանջյանը։ Սեպտեմբերի 9-ին կլրանար նրա ծննդյան 80-ամյա հոբելյանը։
Տարբեր տարիներին թատրոնում և կինոյում կերտած նրա ամենատարբեր դերերն ու մարմնավորումներն իրոք անմոռանալի են։
«Ամենավառ, ամենահետաքրքիր գույներից մեկը հայ թատրոնի, կինոյի պակասեց», - ասում է Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը» - «Եվ հերթական անգամ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է աղքատանում մեր միջավայրը, ինչպես է աղքատանում մեր շրջապատը։ Ես շատ եմ տեսել Քոթանջյանին թե' թատրոնում, դեռևս երբ որ Դրամատիկական թատրոնում էր նա խաղում իր սքանչելի դերերը մեկը մյուսիս հետաքրքիր, թե' կինոյում, թե' հետո համերգային իր ծրագրերում, իր մենաներկայացումներում։ Անկրկնելի երևույթ էր Ռաֆիկը, իր տեսակով միակը»։
Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է Թբիլիսիիում, հետո տեղափոխվել Երևան և ավարտել Գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Կրթությունը շարունակել է Մոսկվայում՝ ձեռք բերելով նաև ռեժիսորի մասնագիտություն։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան և ռեժիսորշ՝ զուգահետաբար նկարահանվելով բազմաթիվ ֆիլմերում։
Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը ընդգծում է հատկապես նրա ինտելեկտուալ և մարդկային կերպարը. - «Բոլորը նրան ճանաչում են որպես կատակերգու, բայց նա շատ խորը դերասան էր, շատ ինտելեկտուալ դերասան։ Արտակարգ ձևով տիրապետում էր դերասանական մասնագիտությանը, շատ պահանջված էր։ Ամբողջական տպավորությունը ունենալու համար իր դերասանական դիապազոնի, իհարկե, պետք է անպայման վերհիշել նաև այն դերերը, որոնք նա թատրոնում է կատարել։ Արտակարգ համեստ մարդ էր, արտակարգ բարեհամբույր իր կոլեգաների հանդեպ։ Հրաշալի մանկավարժ, որովհետև բախտ եմ ունեցել նաև աշխատել այն տարիներին, երբ նա դասավանդում էր ինստիտուտում։ Կարող ենք ասել, որ երջանիկ կյանք ապրեց, այդքան սիրված և պահանջված լինելը ոչ բոլորին է տրվում»։
Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց. - «Փաստացի մեր քաղաքից շատ կարևոր մի գույն պակասեց, շատ կարևոր ոչ միայն գույն, նաև հնչյուն, նաև էներգետիկա...»