Մատչելիության հղումներ

Ռուս պատմաբանը Պուտինի մեկնությունները որակում է «կատարյալ աղետ Ռուսաստանի համար»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 9-ը հունիսի, 2022թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 9-ը հունիսի, 2022թ.

Ուկրաինայի դեմ սկսած պատերազմից ավելի քան երեք ամիս անց՝ երեկ երեկոյան, նախագահ Պուտինը կրկին խոսել է հարևանների դեմ Ռուսաստանի նախորդ պատերազմներից ու պնդել, թե իրենց ճակատագիրն է կռվել՝ տարածքներ վերադարձնելու համար։

Այցելելով Պետրոս Առաջինի 350-ամյակին նվիրված ցուցահանդես, մասնավորապես, Վլադիմիր Պուտինը սեփական մեկնությունն է տվել նրա օրոք տեղի ունեցած դեպքերին ու պնդել է, թե 18-րդ դարի սկիզբին Շվեդիայի դեմ 21 տարի շարունակված պատերազմում Ռուսաստանի կայսրը սեփական տարածքների համար էր կռվում. - «Վերադարձնում էր տարածքներ, ամրապնդում էր պետությունը: Ըստ էության, մեր ճակատագիրն էլ է սա՝ վերադարձնել, ամրապնդել մեր տարածքները»:

Հայտնի պատմաբան Անդրեյ Զուբովը, մեկնաբանելով Պուտինի երեկվա խոսքը, շեշտել է՝ այն, ինչի մասին ժպիտը դեմքին խոսում էր Ռուսաստանի նախագահը, տեղի է ունեցել 300 տարի առաջ։ Եվրոպական բոլոր պետությունները դարեր շարունակ պատերազմել են միմյանց դեմ, նոր տարածքներ գրավել ու կորցրել, ասել է պատմաբանը «Ազատության» "Настоящее Время" ծրագրի եթերում:

«Բայց հիմա ամեն ինչ փոխվել է, աշխարհն այլ է դարձել։ Եվ իրենց տարածքները շրջանցելու, նախկինում իբր խլվածը վերադարձնելու այս ցանկությունը հանգեցրեց մի քանի սարսափելի պատերազմների, առաջին հերթին՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, որոնցում զոհվեց մինչև 100 միլիոն մարդ: Քմծիծաղով ասել, որ մենք, ըստ երևույթին, նույն կերպ կվարվենք, ուղղակի սարսափելի է։ Սա կատարյալ քաղաքական ֆիասկո է», - շեշտել է Զուբովը:

Ռուս պատմաբան Անդրեյ Զուբով, արխիվ
Ռուս պատմաբան Անդրեյ Զուբով, արխիվ

Պատմաբանը հիշեցրել է, որ Ուկրաինայում ամեն օր 100 զինվոր է զոհվում, 500-ը՝ վիրավորվում, ինչպես ուկրաինացիներն են խոստովանում։ Թեև Մոսկվան սեփական կորուստների մասին հաճախ չի խոսում, սակայն ակնհայտ է, որ ռուսական կողմում ևս զոհերը շատ են, ավելին՝ հարձակվող բանակը միշտ ավելի մեծ կորուստներ է կրում։

«Այսօր ասել, որ մենք վերանայելու ենք բոլոր սահմանները, ուղղակի սարսափելի է թվում։ Սա նշանակում է, որ համաշխարհային երկու պատերազմների զոհերն անիմաստ էին: Հայտնվել է մի մարդ, ով ապրում է18-րդ դարի սկզբին։ Սա, կարծում եմ, կատարյալ աղետ է Ռուսաստանի համար», - նշել է Զուբովը:

Պատմաբանը, ում ավելի վաղ հեռացրել էին Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտից իր ընդդիմադիր հայացքների համար, համոզմունք է հայտնել՝ եթե Կրեմլը շարունակի այս քաղաքականությունը, Ռուսաստանը շուտով կկործանվի։

Վերջին ամիսներին Պուտինն արդեն երկրորդ անգամ է հղում անում պատմությանը՝ իր համար նախընտրելի տեսանկյունից։ Ուկրաինայի վրա հարձակվելու նախօրեին էլ նա շատ մանրամասն խոսել էր այս երկրի պատմության մասին՝ ասելով, թե նման պետություն չկար և, այն, ըստ էության, արհեստականորեն Լենինն է ստեղծել։

«Գուցե Պուտինն իսկապես սիրում է պատմությունը, սակայն իրականում նա ասում է այն, ինչ մտահոգում ու զբաղեցնում է իր ուղեղը», - շեշտել է հայտնի պատմաբանը, փաստելով, որ Կրեմլի ղեկավարի վերջին հայտարարությունները ոչ այնքան պատմության մասին են, որքան տարածքային էքսպանսիայի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG