Մատչելիության հղումներ

Նվագախմբերն ու երգչախումբը մեր դպրոցի այցեքարտերն են. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն


Մայրաքաղաքի Չայկովսկու անվան հանրահայտ երաժշտական մասնագիտական դպրոցը դեռ խորհրդային տարիներից ուսումնառության շատ բարձր նշաձող և որոշակի ավանդույթներ ունի։ Հրաշալի վերանորոգված, նոր երաժշտական գործիքներով համալրված դպրոցում գործում են սիմֆոնիկ, կամերային նվագախմբեր և երգչախումբ, որոնք դպրոցի սաների համար հիանալի հնարավորություն են ստեղծում դեռ դպրոցական տարիներից մասնագիտական առավել փորձառություն ձեռք բերելու համար։

Ինչպես ընդգծում է Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մարտուն Կոնստանդյանը, դպրոցի ներսում դպրոցի սաների ուժերով ձևավորված երաժշտական այս կոլեկտիվները չափազանց կարևոր դեր են խաղում երեխաների մասնագիտական առավել զարգացման գործում. - «Երեխաների համար, երաժշտի համար շատ ոգևորող, ուսումնական առումով աճ ապահովող։ Եվ մեր դպրոցի այցեքարտերն են, քանի որ մասնագիտական է, երաժշտական է»։

Դպրոցի թե' սիմֆոնիկ, թե' կամերային նվագախմբերը և թե' երգչախումբը պարբերաբար հանդես են գալիս համերգներով, որոնք խոսուն փաստեր են մասնագիտական այս դպրոցի աշակերտների օժտվածության և ձգտումների մասին։ Դպրոցի կամերային նվագախումբն ամենաերիտասարդն է՝ հիմնադրվել է 3 տարի առաջ։ Նույնպես ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հրաշալի համերգներով՝ բավական բարդ համերգային ծրագրով։

Նվագախմբի հիմնադիր և դիրիժոր Դավիթ Մարուխյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր. - «Մենք միասին ստեղծել ենք այս նվագախումբը։ Նրանք աշակերտներ են, որոնք որ ունեն դաս, որը կոչվում է «Կամերային նվագախումբ»։ Նրանք չեն գալիս որպես դաս, ես դա ուզում եմ շեշտեմ։ Նրանց համար սա դաս չի, սա ապրելակերպ է դառել արդեն, որովհետև մենք դառել են մի ընտանիք»։

Դպրոցի սաներից բաղկացած կամերային այս նվագախումբը համերգներով հանդես է գալիս ոչ միայն դպրոցի դահլիճում, այլ նաև մայրաքաղաքի այլ սրահներում։ Օրինակ, շատ հաճախ ելույթ են ունենում Կոմիտասի թանգարանի դահլիճում, նաև մարզերում։ Այս տարեսկզբին հյուրախաղերով հանդես են եկել Գյումրիում։

«Կան շատ պլաններ։ Փորձում ենք այդ բոլոր պլանները իրականացնենք», - ասաց Դավիթ Մարուխյանը։

Հարցին, թե արդյոք նոր դպրոցն ավարտողների փոխարեն նոր աշակերտներ են ընդգրկելու նվագախմբում, նա պատասխանեց. - «Էդ խոսակցությունը միշտ մեզ մոտ կա։ Մի քանի հոգի հենց հիմա արդեն ավարտում է։ Էդ մի քանի հոգին ասում են՝ ես կյանք էլ չունեմ առանց նվագախմբի։ Եվ ըստ իրենց ասելու, ավարտելուց հետո չեն լքելու մեր ընտանիքը։ Նվագախումբը հա'մ թարմանալու է, հա'մ ավանդույթները պահելու է»։

Ի պատասխան հարցին, թե ինչ կարծիք ունի նոր սերնդի երաժիշտների մասին, Մարուխյանն ասաց. - «Ստեղ սովորում են միմիայն լավ երեխաներ։ Ոչ միայն նվագի առումով, դա քիչ է, որ երեխան կարողանում է լավ նվագել։ Նրանք երաժշտությամբ ապրող երեխաներ են, երաժշտություն լսող երեխաներ են։ Նկատի ունեմ դասական երաժշտություն։ Նրանք երաժշտական երեխաներ են։ Ես կարծում եմ, որ Չայկովսկու երաժշտական դպրոցը վերցրել է այդ միսիան Հայաստանում՝ տալ հետագա լավ երաժշտական սերունդ։ Ես չեմ ուզում ուրիշ դպրոցների համեմատության կարգով դա ասեմ, ես խոսում եմ Չայկովսկու դպրոցից։ Իմ անձնական սուբյեկտիվ կարծիքով, այստեղ սովորում են լավագույնները»։

Անդրադառնալով իրենց համերգային ծրագրերին՝ նա ասաց. - «Մեր համերգների անվանումները կոչվում են կոնցեպտ։ Մենք ունեինք «Սոլիստ» կոնցեպտ, որտեղ սոլիստներ էին նվագում, նվագակցում էին սոլիստներին։ Մենք ունեինք «Մեջիք» կոնցեպտ, որը մթության մեջ էր համերգը։ Դա ինչ էֆֆեկտ տվեց. մարդիկ չեն կենտրոնանում վիզուալիզացիայի վրա, չեն տեսնում ոչ մի բան, ուղղակի ննջում են մթության մեջ։ Հետո մենք ունեցանք «Քրիսթմաս» կոնցեպտ Նոր տարուն։ Էդ համերգը բաղկացած էր միայն քրիսթմաս երաժշտությունից... Նախադեպ չի եղել Հայաստանում, որ եվրոպական սուրբծննդյան երգերը կատարվեն նվագախմբով։ Մի խոսքով, փորձում ենք ինչ-որ լավ բաներ անենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG