Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ևանվանի ջութակահար Քրիստոֆ Բարատիի մասնակցությամբ տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան երաժշտական միջազգային 18-րդ մրցույթի բացման գալա-համերգը։
2003 թվականին Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի օրը մեկնարկած միջազգային մրցույթն ամեն տարի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում է համախմբում աշխարհի տարբեր երկրներից եկած մրցույթի երիտասարդ, տաղանդաշատ մասնակիցներին, որոնցից շատերը հետագայում նաև այլ հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ են դառնում։
Ամենամյա միջազգային երաժշտական մրցույն ավանդույթներ ունի՝ բոլոր մասնակիցները մրցութային հանձնաժողովի անդամների հետ այդ օրը սկսում են Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, որտեղ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Արամ Խաչատրյանի հիշատակին։ Այնուհետև գնում են Արամ Խաչատրյանի տուն-թանգարան՝ ծանոթանալու մեծ կոմպոզիտորի թողած ժառանգությանը։ Դրանից հետո մասնակցում են ասուլիսին և մրցույթի վիճակահանությանը։
«Ուղիղ 119 տարի առաջ ծնվեց մեր մեծ հանճարը՝ Արամ Խաչատրյանը, ով մի առաքելությամբ եկավ այս աշխարհ՝ տարածել և հասցնել հայ երաժշտությունը, հայ մշակույթը ընդհանրապես ամբողջ աշխարհին», - շեշտեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։
Յուրաքանչյուր տարի խաչատրյանական մրցույթը երաժշտական որոշակի մասնագիտության տեր երիտասարդ երաժիշտների է հրավիրում Հայաստան։
Այս տարի թավջութակահարներն են մասնակցում մրցույթին։ Պարզվեց, որ գրեթե բոլորն առաջին անգամ են Հայաստանում, շատ ուրախ են նման միջազգային մրցույթի մասնակցելու համար, քանի որ իրենց շատ հոգեհարազատ է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։
Իհարկե, բոլորն էլ երազում են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հաղթահարել մրցութային երեք փուլերը և մրցանակով վերադառնալ Հայաստանից։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մրցույթի հիմնադիր Արմեն Սմբատյանն ասաց. - «Այսօր՝ հունիսի 6-ին, Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մենք 18-րդ անգամ անց ենք կացնում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը թավջութակ մասնագիտությամբ։ Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ բավական ծանր վիճակ է ամբողջ աշխարհով, և տեղաշարժը շատ պրոբլեմատիկ է բոլորի համար, բայց զարմանալի է, որ մենք կարողացանք ապահովել շատ հետաքրքիր ներկայություն։ 16 երկրից մասնակցում են մեր մրցանակաբաշխությանը։ Դիմել էին 50-ից ավել թավջութակահարներ, ժյուրին ընտրեց նրանցից 20-ին։ Նպատակներից ամենակարևորը նա է, որպեսզի աշխարհում կատարվի Արամ Խաչատրյանի երաժշտությունը՝ շնորհիվ մեր Արամ Խաչատրյան մրցանակաբաշխության։ Այսօր մոտավորապես հինգ հազար երաժիշտ աշխարհում կատարում են Արամ Խաչատրյանի կոնցերտները։ Եվ շատ հետաքրքիր է, որ այսօր երեկոյան դուք կլսեք Հունգարիայից հիանալի մի ջութակահար, որը կկատարի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։ Ես բոլորիս շնորհավորում եմ այս մեկնարկով։ Երևանը միշտ հյուրընկալել է տարբեր արվեստագետների, տարբեր երաժիշտների, և այսօր այդպես էլ շարունակում ենք»։
Տարբեր երկրների անվանի երաժիշտներից բաղկացած մրցութային հանձնաժողովն այս տարի ղեկավարում է մեծանուն ջութակահար Էդուարդ Վուլֆսոնը։ Հայաստանը ներկայացնում է անվանի թավջութակահար Արամ Թալալյանը։
Արմեն Սմբատյանը համոզված է, որ մրցութային հանձնաժողովի անդամները «ամենաազնիվ ձևով կգնահատեն մեր երիտասարդ թավջութակահարներին, որոնք եկել են այստեղ աշխարհի տարբեր ծայրերից»։
Հավելենք, որ մրցույթում առաջին մրցանակակիր երաժիշտը կստանա 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգև, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող երաժիշտները՝ համապատասխանաբար 5 և 3 հազար դոլարին համարժեք դրամական պարգև։ Մրցանակաբախշությունը կավարտվի հունիսին 13-ին կայանալիք փակման գալա-համերգով, որի ընթացքում էլ կազդարավեն հաղթած երաժիշտների անունները։