Մատչելիության հղումներ

Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել 


Էգեյան ծովի շուրջ լարվածությունը չի մարում։ Թե՛ Թուրքիան, թե ՛ Հունաստանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել՝ պնդելով, որ հարևան երկրի ռազմական ինքնաթիռները խախտում են իրենց օդային տարածքը։ Աթենքի և Անկարայի միջև հիմնական վեճը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած ծովային տարածքների պատկանելության շուրջ է։

Վերջերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար այլևս գոյություն չունի, երբ վերջինս կոչ էր արել ամերիկյան Կոնգրեսին՝ արգելափակել ամերիկյան զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքը Թուրքիային:

Անկարային մտահոգում է Հունաստանի վերազինման ծրագիրը, որը, ըստ Թուրքիայի, տեղի է ունենում իր ծովային սահմաններին մոտ գտնվող կղզիներում:

Թուրքիայի մտահոգությունների մասին խոսել է նախագահի խորհրդականն Մեսութ Քասինը․ - «Նրանք հինգ միլիարդ դոլարի մարտական ինքնաթիռներ և նոր հածանավեր են գնում ֆրանսիացիներից, ինչպես նաև՝ շուրջ տասը միլիարդ դոլարի ուղղաթիռներ, և ռազմածովային տեխնիկա ԱՄՆ-ից, այդ թվում՝ նոր F-35 ինքնաթիռներ: Հիմա Թուրքիային հետաքրքրում է՝ «ի՞նչ է կատարվում հունական կղզիներում։ Արդյո՞ք նրանք կորոշե՞ն հարձակվել Թուրքիայի վրա»։

Հունաստանի ռազմական վերազինումը համընկնում է Կոնգրեսի կողմից Թուրքիային ամերիկյան զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքի արգելքի հետ։

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սերհատ Գյուվենչի համոզմամբ, Անկարային լրջորեն անհանգստացնում է երկու երկրների միջև ռազմական բալանսի փոփոխությունը։

«Թուրքիան զրկված է ժամանակակից ռազմական տեխնիկա գնելու հնարավորությունից մի շարք պատճառներով։ Մինչդեռ, Հունաստանը օգտվում է նման սպառազինության ավելի մեծ հասանելիությունից, և դա, իհարկե, ռազմական իրավիճակը փոխելու է հօգուտ Հունաստանի»։

«Թուրքիան պատրաստ է վիճարկել հունական կղզիների ինքնիշխանությունը»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ ավելի սրեց լարվածությունը՝ սպառնալով, թե Թուրքիան պատրաստ է վիճարկել հունական կղզիների ինքնիշխանությունը։ Նա նաև Աթենքին մեղադրեց կղզիների ապառազմականացումը ամրագրող միջազգային պայմանագիրը խախտելու մեջ։

Հունաստանը մինչդեռ պնդում է, որ իր գործողությունները ինքնապաշտպանական բնույթ ունեն։ Հունաստանի իշխանությունները նաև լուրջ մտահոգություն ունեն, որ Անկարան կարող է բացել իր սահմանները՝ ապահովելով հազարավոր փախստականների մուտքը դեպի Հունաստան, ինչպես նաև՝ ավելացնել ռազմական ճնշումը Էգեյան ծովի հունական կղզիների վրա:

«Առաջիկայում իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ»

Հույն ռազմական վերլուծաբան Աթանասիոս Դրուգոսը կարծում է, որ առաջիկայում իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ. - «Մեզ շատ են հետաքրքրում միգրացիայի և փախստականների հետ կապված խնդիրները, ինչպես նաև, թե որոնք են լինելու կղզիների ինքնիշխանության և ռազմականացմանը առնչվող հարցերի հետ կապված Թուրքիայի հաջորդ քայլերը։ Ներկայումս, Հունաստանը որոշել է անցնել մի շարք պաշտպանական և այլ գործողությունների, և ես կարծում եմ, որ մեզ բավականին բարդ, իսկապես դժվարին ժամանակներ են սպասվում»։

Վերլուծաբանների կարծիքով՝ թե՛ հույն, թե՛ թուրք առաջնորդները զբաղված են ուժի ցուցադրությամբ՝ փորձելով հաճոյանալ իրենց ազգայնական ընտրազանգվածին։

Վաշինգտոնի և Եվրամիության հետ Աթենքի հարաբերությունների խորացումը, սակայն, մեկուսացման մեջ հայտնված Անկարային ավելի խոցելի է դարձնում։

Ըստ Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սերհատ Գյուվենչի. - «Սրանք վերջին տասնամյակում Թուրքիայի թույլ տված ռազմավարական սխալների հետևանքներն են։ Բոլորից օտարվելով՝ Թուրքիան միաժամանակ մի տեսակ չափից ավելի ինքնավստահ էր, կարծելով, որ կարող է միայնակ ձևավորել իր հարևանների հետ հարաբերությունները»:

Վերլուծաբանները չեն բացառում, որ Թուրքիայի մեկուսացումը կարող է ավելի խորանալ վիճահարույց ծովային տարածքներում այսպես կոչված էներգետիկ հետազոտություն իրականացնող թուրքական նավերի տեղակայումից հետո առաջացած այս նոր լարվածության պատճառով։

XS
SM
MD
LG