«Ինքնաճանաչում - Էրեբունի» կրթական, հետազոտական ծրագիրը գործում է ավելի քան մեկ տարի, որի ընթացքում ուշագրավ համագործակցություն է տեղի ունեցել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի միջև, և այսօր հրավիրված ասուլիսին Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանն ազդարարեց. - «Վաղը, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը բացում ենք մի հրաշալի ցուցահանդես, որը մեկ ու կես տարվա աշխատանքի արդյունք է, մեր և «Էրեբունի» թանգարանի միջև հրաշալի համագործակցության արդյունք։ Նպատակը երեխաներին մեր արմատներին ծանոթացնելն էր։ Մեր կենտրոնի, հատկապես երևանյան արվեստանոցների երեխաները մոտ երկու ամիս պարբերաբար այցելեցին «Էրեբունի» թանգարան, և այնտեղ սիրով թանգարանի մասնագետները խորությամբ ներկայացրեցին ամբողջ նյութը։ Երեխաները, ներշնչվելով այդ նյութից, և վաղը այդ ստեղծագործությունների արդյունքն ենք տեսնելու»։
Այս ծրագրին մասնակցել է 400 երեխա, իսկ վաղը երեկոյան Գեղագիտության ազգային կենտրոնում բացվելիք ցուցահանդեսում ներկայացված կլինեն այս ծրագրին մասնակցած երեխաների մոտ 200 աշխատանքներ՝ գեղանկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և այլն, որոնք ծնունդ են առել երկու թանգարանների ուշագրավ համագործակցության արդյունքում։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ասաց. - «Նման համագործակցությունների կարիք դեռ շատ կա։ Մենք խոսում ենք ժառանգության մասին, խոսում ենք ուրարտական ժառանգության մասին, բայց շատ կարևոր է տեղեկացված լինելու այդ ժառանգությունից, շատ կարևոր է կրելու այդ ժառանգությունը և տեր լինելու այդ ժառանգությանը։ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը սիրով իր հարկի տակ ընդունեց Գեղագիտության ազգային կենտրոնի սաներին, իրականացվեցին ինչպես հատուկ վարպետաց դասեր տարբեր մասնագետների կողմից, էքսկուրսիաներ, այցեր, ծրագրեր»։
Նշենք, որ ծրագրին մասնակցել են այս անգամ միայն մայրաքաղաքի արվեստանոցների սաները, բայց, ինչպես նշում էր Վահան Բադալյանը, առաջիկայում ընդգրկվելու են նաև մարզերում բնակվող շնորհաշատ երեխաները՝ համագործակցելով մարզային թանգարանների հետ. - «Նմանատիպ համագործակցությունները մեր լավագույն թանգարանների հետ շարունակում ենք, և մենք էլի հուշագրեր ենք կնքել այս ընթացքում, որովհետև շատ կարևորում ենք երեխաների արվեստային կրթության ժամանակ նաև զուգահեռաբար գիտելիքների ձեռք բերումը»։
«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը համոզված է, որ թանգարանային այցելությունները շատ կարևոր են բոլոր երեխաների համար, բայց այս ծրագրի ընթացքում իրենք համոզվել են, որ պատանի արվեստագետների ոգևորությունը շատ մեծ է եղել, ինչի ընթացքում էլ ծնունդ են առել վաղը բացվելիք ցուցահանդեսում ներկայացվող աշխատանքները. - «Շատ կարևոր է այդ հասակի երեխաներին իրենց հասանելի լեզվով, պարզ ձևով ծանոթացնել այս հնավայրերի հետ և ցույց տալ, տեղեկացնել, թե իրենք ինչ հսկայական ժառանգության կրողներն են»։
Հավելենք նաև, որ Վահան Բադալյանի նախաձեռնությամբ Գեղագիտության կենտրոնի փոքր բեմը 2019 թվականից ևս համագործակցում է թանգարանների հետ, որտեղ «Շնչող արվեստ» խորագրի ներքո շատ հետաքրքիր բեմադրություններ են իրականացվում։
Վերջինը օրերս տեղի ունեցավ Փարաջանովի թանգարանում։ Հարցիս ի պատասխան, Վահան Բադայանն ասաց, որ այդ ծրագիրը նույնպես շարունակվելու է. - «Կարծում եմ, որ նմանատիպ բազմամեդիա նախագծերը, ինչու չէ, նաև մեր այս նոր ցուցադրությունը՝ երեխաների աչքերով մեր պատմական ժառանգությանն ներկայացումը հենց նպաստում են մաքսիմալ, որպեսզի մեր այդ ժառանգությունը հանրահռչակվի»։