«Զանգակ» գրատունը Երևանի տարբեր հատվածներում գործող իր մասնաճյուղերով տարիներ շարունակ հանդես է գալիս գիրք - ընթերցող - հրատարակչություն կապն ամրապնդող ուշագրավ նախաձեռնություններով՝ գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների, թարգմանիչների, հրատարակիչների հետ, մանուկների և պատանիների համար ընթերցանության նախագծեր, կրթական խաղեր, աշխատարաններ և այլն։
Եվ ահա առաջին անգամ Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ից «Զանգակ» գրատունը նախաձեռնել է նոր, համահավաք գրական - մշակութային միջոցառումների շարք՝ մանկական գրքի եռօրյա փառատոն, որն այսուհետ ամենամյա շարունակականություն է ունենալու։
«Հունիսի 1, 2, 3-ին «Զանգակ» գրատունը Անգլիական այգում կազմակերպում է մանկական գրքի փառատոն: Փառատոնի նպատակն է ստեղծել մշակութային, գրական և շատ տոնական միջոցառումներ, որպեսզի կարողանանք միջոցառումների և այս ամբողջ փառատոնի միջոցով երեխաներին բերենք դեպի գիրքը: Մենք ներկայացնելու ենք ոլորտի բոլոր հրատարակիչներին, հրատարակիչները ներկայացնելու են իրենց մանկական գրքերը, զարգացնող խաղերը ու դրան զուգահեռ նաև ունենալու ենք միջոցառումների շատ մեծ ծրագիր: Ե՛Վ իր ձևաչափով, և՛ հենց մանկական գրքի փառատոնն առաջինն է: Սա մեր առաջին փառատոնն է և լիահույս ենք, որ ամեն տարի նույն օրերին կունենանք մանկական գրքի փառատոն, որը կվերածվի նաև մանկական գրքի տոնի», - ասաց փառատոնի կազմակերպիչ, «Զանգակ» գրատան մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը:
Մանկական գրքի փառատոնի ծրագիրը չափազանց հագեցած է։ Փառատոնային այդ օրերին Անգլիական այգում ոչ միայն բոլոր հրատարակիչները կներկայացնեն իրենց հրատարակած մանկական գրքերը, այլև կկազմակերպվեն ամենատարբեր միջոցառումներ՝ սկսած կեսօրից մինչև երեկո՝ խաղեր, հանդիպումներ մանկագիրների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, նաև ծնողների համար հանդիպումներ և քննարկումներ ամենատարբեր թեմաներով՝ մանկական հոգեբանների հետ։
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել հատկապես Անգլիական այգին որպես փառատոնի անցկացման վայր, Աստղիկ Օհանյանը պատասխանեց. «Անգլիական այգին Երևանի առաջին հանրային այգին է, բացի այդ մենք շատ այգիներ դիտարկեցինք, սակայն Անգլիական այգին մեզ համար շատ ընդարձակ ու հով, ամառվա օրերի համար շատ գեղեցիկ այգի է, և մեզ դուր եկավ այգին ու որոշեցինք, որ երեխաների համար դա լավագույն վայրն է»: