Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Armenia Art Fair-2022 ժամանակակից արվեստի տոնավաճառը


Այսօր երեկոյան «Երևան-Էքսպո» կենտրոնում բացվում է արվեստի տոնավաճառ՝ Armenia Art Fair-2022-ը, որտեղ ներկայացված են ավելի քան 50 արվեստագետների ժամանակակից արվեստի ամենատարբեր ժանրային և ոճային առանձնահատկություններով աչքի ընկնող ստեղծագործություններ 30 երկրներից։

Մինչև տոնավաճառի բացումը «Ազատության» հետ զրույցում տոնավաճառի հանրային կապերի պատասխանատու Սառա Խոջոյանը հիշեցրեց, որ սա արդեն իրենց կազմակերպած երրորդ տոնավաճառն է. - «Մենք փորձում ենք հնարավորություններ ստեղծել, տարածք ստեղծել, հարթակ ստեղծել, որտեղ հայ արվեստագետները կկարողանան նախ ցուցադրել իրենց գործերը, նաև եթե ստացվի՝ վաճառեն։ 2018 թվականին է իրականացվել առաջին Art Fair-ը, երկրորդը՝ 2019-ին։ Քովիդով պայմանավորված երկու տարի չենք արել։ Կազմակերպիչը Armenia Art Fair արվեստի հիմնադրամն է, որը փորձում է հայկական արվեստը, ժամանակակից արվեստը ու մոդեռն արվեստը տարածել աշխարհում։ Այս սկզբունքով են նաև ստեղծել առաջին գիրքը, որի շնորհանդեսը վաղը կլինի, կոչվում է «Հայ ժամանակակից արվեստի ուղեցույց»»։

Ուշագրավ է, որ տոնավաճառը չի սահմանափակվելու միայն ցուցադրություններով։ Աշխարհի տարբեր երկրներից ճամանած համադրողները, արվեստագետներն ու ցուցասրահների տնօրենները կմասնակցեն նաև ժամանակակից արվեստի զարգացման տարբեր ուղղություններին նվիրված մի շարք թեմատիկ քննարկումների։

«Այդ իմաստով մենք պարզապես չենք ասում, որ անում ենք արվեստի տոնավաճառ, այլ անում ենք արվեստի շաբաթ։ Որովհետև մենք հրավիրել ենք աշխարհահռչակ շատ առաջատար արվեստի գիտակների, պատկերասրահների համադրողների Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, որոնք մասնակցող արվեստագետների պոտենցիալն են գնահատում, նրանց ստեղծագործությունների պոտենցիալն են գնահատում։ Մենք, օրինակ, ունենք «Մշակույթ և կրթություն» բաժինը, որտեղ շատ հետաքրքիր քննարկումներ են լինելու, «Արվեստ և տեխնոլոգիա» բաժինը, որտեղ արվեստի թվայնացման մասին ենք խոսելու։ Մենք ունենք «Ուշադրության կենտրոնում» հարթակը, որտեղ խոսում ենք արվեստի և շահույթ չհետապնդող կազմակերպությունների համագործակցության մասին», - ներկայացրեց Խոջոյանը։ - «Մենք նաև ունենք «Հետաքրքիր նախագծերի սենյակ» հնարավորությունը, որտեղ հենց երիտասարդ հայ ժամանակակից արվեստագետների գործերի ցուցադրություն է լինելու։ Հայ ժամանակակից արվեստում ներգրավված մասնագետների, ներկայացուցիչների համար սա հիանալի հնարավորություն է աշխարհի առաջատար պատկերասրահների առաջատար համադրողների հետ շփվելու, մտքեր փոխանակելու, քննարկումներ ծավալելու»։

Արվեստի տոնավաճառի մասնակիցներից լիբանանցի արվեստագետ Գասան Ուեյստը առաջին անգամ է Հայաստանում։ Ասում էր, որ այսօր աշխարհը մասնատվել է ամենատարբեր պատճառներով, բայց իրենք հավաքվել են այստեղ միավորելու այն արվեստի միջոցով. - «Մենք բոլորս նույն խնդիրներն ու հոգսերն ունենք, բայց մենք, կարող ենք միավորվել ու համախմբել մեր ուժերը հանուն մարդկության բարօրության և ապագայի»։

«Ցուցահանդեսները վաճառքի համար չի... պիտի կարողություն ցույց տաս։ Ես տարբեր տարիների գործեր եմ ցուցադրել, որ դիապազոնը երևա, թե քանդակագործը տարիների ընթացքում նահանջե՞լ ա, թե՞ առաջ ա գնացել։ Իմ բուն խնդիրը դա է եղել, և էս ցուցահանդեսների բոլորի խնդիրը դա է՝ ինչ նվաճումների է հասել արվեստը, մշակույթի, արվեստի քայլը, շարժը, նորություններ կա՞... Ինչու գիտության մեջ պետք է լինի, արվեստում չպետք է լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց մեր ավագ սերնդի անվանի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG