Մատչելիության հղումներ

Մայիսի 28-ին հանդիսատեսի դատին կներկայացվի «Երևանը արցունքներին հավատում էր» ֆիլմը


Ֆիլմի իրադարձությունների կենտրոնը մեր ազգային ողբերգությունն է՝ Հոկտեմբերի 27-ը։

«Երևանը արցունքներին հավատում էր» գեղարվեստավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մայիսի 28-ին Կինոյի տան մեծ դահլիճում։ Ֆիլմի ռեժիսորը «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար, արդեն իսկ չորս ֆիլմերի հեղինակ, երիտասարդ կինոռեժիսոր Հայկ Բաբայանն է։

«Ազատության» հետ զրույցում Բաբայանն ասաց, որ այս ֆիլմը շատ կարևոր է իր համար. - «Սա պարզապես մի ֆիլմ չի, որ ես երկու-երեք ամսում սցենար եմ գրել ու ներկայացնում եմ։ Շատ երկար մտածելով՝ ես հասկացա, որ տվյալ ֆիլմը երկար տարիների, նույնիսկ առաջին դասարանից եկած-կուտակված իմ մեջի պոռթկումն է։ Որովհետև ֆիլմի իրադարձությունների կենտրոնը մեր ազգային ողբերգությունն է՝ Հոկտեմբերի 27-ը։ Բայց ֆիլմը միայն ֆիքսված չէ Հոկտեմբերի 27-ի վրա։ Դրա շուրջը կատարվում են բազմաթիվ իրադարձություններ և' անցյալում, և' ներկայում, և' նույնիսկ ապագայում։ Իսկ միջուկը Հոկտեմբերի 27-ն է»։

Ֆիլմի նկարահանվել է ավելի քան երկու տարի։ Նկարահանման աշխատանքները խոչընդոտվել են համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով. - «Ֆիլմը արդեն պետք է պատրաստ լիներ 2020 թվականին, բայց գիտեք ինչեր կատարվեցին, և դա եղավ պատճառ նաև, որ ֆիլմը երկարաձգվեր»։

Հարցին, թե ինչ է նշանակում «Երևանը արցունքներին հավատում է», Բաբայանը պատասխանեց. - «Այդ կոդը ֆիլմում դրված է սկզբից մինչև վերջ։ Չեմ ուզում բարձրաձայնել, թե ինչ է վերնագիրը, որովհետև ինձ համար ֆիլմի վերնագիրը ֆիլմի անձնագիրն է։ Իսկ անձնագիրը տեսնելու համար, պետք է պարզապես բացել ու կարդալ»։

Ռեժիսորը վստահ է, որ ֆիմլը կունենա փառատոնային կյանք. - «Պարզապես որ ֆիլմի թեմատիկան մեր ազգային ողբերգության մասին է, ես երբեք չեմ հավատա, որ ինչ-որ մի աֆրիկյան փառատոնում էս ֆիլմը ինչ-որ բան ունենա... Նկատի ունեմ, որ ի վերջո ճանաչողականություն պետք է լինի։ Ամենակարևոր բանը, որ կա համամարդկային հարցեր էդտեղ և շատ ծանոթ ֆիգուրներ։ Դրա պատճառով ֆիլմը կարող է ունենալ հետաքրքիր փառատոնային կյանք»։

Հարցին, թե ինչն է պատճառը, որ կինոռեժիսորը անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ողբերգությանը, արդյո՞ք մեր օրերում դա փոքր-ինչ ուշացած չէ, Հայկ Բաբայանը հակադարձեց. - «Հոկտեմբերի 27-ին անդրադառնալը երբեք ուշ չէ։ Ասեմ ավելին՝ հենց էն ժամանակաշրջանը, որ մենք ապրում ենք, իսկական Հոկտեմբերի 27-ի մասին խոսելու ժամանակն է։ Որովհետև քովիդը, 44-օրյա պատերազմը, մեր որոշակի տգետ մոտեցումը շատ ու շատ երևույթներին, դա գալիս է Հոկտեմբերի 27-ից։ Որովհետև երբ որ խոսում ենք Հոկտեմբերի 27-ից ու ասում ենք՝ դե լավ, անցած-գնացած բան է, այդ անցած-գնացած բանը նորից գալու է երեխաների աչքի առաջ։ Էն ազգը, որ մոռանում է իր պատմության ողբերգության ամենավտանգավոր կետը, դա նորից կրկնվելու հատկություն ունի։ Իսկ պատմությունը շատ դաժան տարածություն է, չի սիրում, որ իրեն մոռանում են։ Իսկ մենք սիրում ենք... երբ որ լինում է ողբերգություն, մենք առաջին պլանով լաց ենք լինում։ Բայց պետք չի լաց լինել։ Թող մեզ տեսնեն, որ մենք Հոկտեմբերի 27-ից հետո ամուր ենք, ժպտալու ունակություն ունենք»։

Հարցին, թե ինչու են որոշել հենց մայիսի 28-ին անել պրեմիերան, ռեժիսորն արձագանքեց. - «Պատահականության արդյունք է։ Բայց քանի որ մայիսի 28-ը համարվում է մեզ համար կարևորագույն օր, ես կարծում եմ, էստեղ էլ ինչ-որ ճակատագրական բան կա։ Որովհետև Առաջին հանրապետության շրջանում ունեցել են այնպիսի ղեկավարներ ու այնպիսի իրադարձություններ, որ երևի մեր պատմության մեջ էդպիսի շրջան չի եղել, որ պետական գործիչները համագործակցեն արվեստագետների հետ, արվեստագետները համագործակցեն գյուղացիների հետ և այլն։ Բայց դա շատ կարճ տևեց, ու դրա մեղավորը մենք ենք»։

Կինոռեժիսորը հավելեց, որ «Երևանը արցունքներին հավատում էր» ֆիլմը ստեղծվել է առանց պետական աջակցության ՝ միայն իր և իր ընկերների միջոցներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG