Ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչի դեմ պատժամիջոցների ֆոնին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել գործարարին պատկանող լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքին։
Ավելի վաղ Անգլիայի Պրեմիեր լիգան էր հավանություն տվել ամերիկացի գործարար Թոդ Բոելիի գլխավորած ներդրումային խմբի կողմից «Չելսի»-ի գնմանը։
«Մենք գոհ ենք, որ ոչ Ռոման Աբրամովիչը, ոչ էլ պատժամիջոցների ենթարկված այլ անձինք չեն ստանա վաճառքից գոյացած հասույթը», - Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար Նադին Դորիսը։
Աբրամովիչը «Չելսի»-ն վաճառքի է հանել մարտին։ Կարճ ժամանակ անց Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեցին նրա դեմ՝ որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապեր ունեցող գործարարի:
Ըստ գործարքի, ներդրումային խումբը 4 միլիարդ 250 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի, դա կազմում է մոտ 5 միլիարդ 200 միլիոն դոլար: Այդ գումարից 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ կփոխանցվի Բրիտանիայում Աբրամովիչի սառեցված հաշվեհամարին և հետագայում, ըստ Աբրամովիչի հրապարակավ արտահայտած ցանկության, կտրամադրվի Ուկրաինայի պատերազմից տուժած մարդկանց օգնող բարեգործական հիմնադրամին: Եվս 1 միլիարդ 750 միլիոն ֆունտ ստերլինգ նոր տերերը կհատկացնեն «Չելսի» ակումբի զարգացման ծրագրին, որը ներառում է ներդրումներ կանանց թիմի, ֆուտբոլային ակադեմիայի և Լոնդոնում երկու մարզադաշտերի համար:
Ռոման Աբրամովիչը լոնդոնյան ակումբը ձեռք է բերել 2003 թվականին։ Նրա ներդրումը «Չելսի»-ում ակումբը դարձրեց Եվրոպայի ուժեղագույններից մեկը: Աբրամովիչի կողմից «Չելսի»-ի գնումը նշանավորեց անգլիական ֆուտբոլային ակումբներում օտարերկրյա ներդրումային հոսքերի սկիզբը։