Մատչելիության հղումներ

Հունգարիայի վարչապետը նոր արտակարգ դրություն է մտցնում երկրում


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երեկ հայտարարել է, որ նոր արտակարգ դրություն է մտցնում երկրում՝ որպես պատճառ նշելով հարևան Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետ կապված մարտահրավերները։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը, միայն հաջորդ երեքշաբթի է Հունգարիայում լրանում հերթական արտակարգ դրության ժամկետը, որը հայտարարվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով։

«Աշխարհը տնտեսական ճգնաժամի շեմին է: Հունգարիան պետք է պաշտպանի իրեն պատերազմից և պաշտպանի իր քաղաքացիների ֆինանսական անվտանգությունը»,- գրել է Օրբանը Facebook-ում՝ մատնանշելով «մանևրելու և անհապաղ գործողությունների համար տարածքի» անհրաժեշտությունը։

Նրա խոսքերից կարճ ժամանակ առաջ Հունգարիայի խորհրդարանը, որն ընտրություններից հետո միայն վերջերս է սկսել աշխատանքը, փոփոխություններ է կատարել Սահմանադրության մեջ՝ կառավարությանը թույլ տալով նման միջոցներ ձեռնարկել: Թե կոնկրետ ինչ միջոցներ են սպասում Հունգարիային, կհայտարարվի այսօր, ասել է Վիկտոր Օրբանը։

Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությունը դատապարտել է վարչապետի գործողությունները՝ ընդգծելով, որ «արտակարգ դրությունն այժմ մշտական կդառնա»։ Այս քայլն Օրբանին տալիս է «գործողության ավելի շատ ազատություն, քան սովորաբար», և թույլ է տալիս նրան «սահմանափակել կամ պարզապես կասեցնել յուրաքանչյուրի հիմնարար իրավունքները», ընդգծել է միությունը:

Միևնույն ժամանակ, երեքշաբթի օրը հայտնի դարձավ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին Վիկտոր Օրբանի նամակի մասին, որում Հունգարիայի վարչապետը գրում է, որ իր երկիրը դեռևս համոզված չէ ռուսական նավթի եվրոպական էմբարգոյին աջակցելու անհրաժեշտության մեջ, և որ նա դեռ անիմաստ է համարում այս հարցը հաջորդ շաբաթ ԵՄ գագաթնաժողովի քննարկմանը ներկայացնելը։

XS
SM
MD
LG