Մատչելիության հղումներ

Հրապարակվել են մոտ 250 հազար քաղաքացիների անձնական տվյալներ 


Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մոնիթորինգ է սկսել՝ պարզելու, թե Globbing ընկերությունը արդյոք պատշաճ է իրականացրել իր հազարավոր հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունը, այսօր «Ազատությանը» փոխանցեց գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։

«Հարցումներով գործակալությունը վիճարկել կամ պարզել է գործողությունների բավարար լինել-չլինելը, արդյունքում տալ խորհրդատվություն կամ իրազեկել, կամ տալ ցուցումներ ու առաջադրանքներ, թույլատրել, արգելել, պահանջել դադարեցնել տվյալների մշակումը, և կարող է դա հանգեցնել վարույթի: Արդարության համար պետք է ասել մյուս տարբերակը, քանի դեռ պատասխան չունենք, որ կարող է պարզվի նաև, որ օրինակ, սա Globbing-ի բազան չէ», - նշեց նա:

Երեկ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ էլեկտրոնային անծանոթ հասցեից ստացել են մոտ 250 հազար քաղաքացիների անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, տան հասցե, անձնագրի տվյալներ, որոնք նամակի հեղինակների ներկայացմամբ` պատկանում են բեռնափոխադրումներով զբաղվող Globbing ընկերության հաճախորդներին։

Նամակի հեղինակները չեն ներկայացել, բայց պնդում են, թե դեռևս մեկ տարի առաջ են զգուշացրել Globbing-ին, որ կարող է տեղի ունենալ հաճախորդների անձնական տվյալների արտահոսք, սակայն ընկերությունն անտեսել է իրենց այդ նախազգուշացումը, ուստի իրենք որոշել են պատժել։

Globbing-ը պնդում է, թե հրապարակված նյութերում կան տվյալներ, որոնք երբևէ գրանցված չեն եղել ընկերության համակարգում, ինչից կարելի է եզրակացնել, որ դրանք կարող են հավաքագրված լինել տարբեր աղբյուրներից։

Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ իրենց համակարգում չեն պահպանվում մարդկանց բանկային քարտերի տվյալները, անձնագրային նկարներ, իսկ տեղի ունեցածի հետ կապված նախատեսում են դիմել իրավապահներին։

Նախորդ երեք տարում հայաստանյան պետական ու մասնավոր ընկերություններից գրանցվել են անձնական տվյալների մոտ մեկ տասնյակ արտահոսքեր

Կիբերանվտանգությամբ զբաղվող CyberHub-ի համահիմնադիր Արթուր Պապյանի խոսքով` համադրել են հրապարակված տվյալները և պարզել` ցանկում առկա մարդիկ Globbing-ի հաճախորդներ են։

«Իսկապես Globbing-ում իրենց գրանցած հասցեն կա այնտեղ, իսկապես Globbing-ում իրենց գրանցած հեռախոսահամարները կան, և նույնիսկ ինչ-որ տեղեր կան, որ հայերեն է գրված` օգտահաշվում հայերեն է տվյալը, անգլերեն է գրված, անգլերեն է տվյալը, նույնիսկ ինչ-որ տեղում տառասխալով ենք հայտնաբերել, այսինքն` դա բավական հիմնավոր կասկած է ստեղծում, որ իսկապես սա Globbing-ի տվյալների բազան է կամ Globbing-ի տվյալների բազայից ինչ-որ մի հատված կամ արտացված ինչ-որ մի տվյալ», - նշեց նա:

Պապյանի խոսքով` անձնական տվյալների նման արտահոսքը վտանգավոր է և կարող է մարդկանց վնաս պատճառել, այդ թվում` ֆինանսական. «Աշխատող հեռախոսահամարներ, կոնտակտային տվյալներ, անձնագրի սերիաներ, և հետևաբար եթե այդ մարդկանց լավ պատճառաբանված նամակ ես գրում կամ WhatsApp-ով ուղարկում ես ինչ-որ խաղարկության նամակ, հասկանալի է, որ սա այսպես կոչված` Հայաստանի middle class-ն է` այն մարդիկ, ովքեր կարող են քարտ ունենալ, արտասահմանից գնումներ անել, այսինքն` այդ մարդիկ սովոր են ինտերնետում վճարում անել, եթե դու իրենց հավաստի պատճառ ներկայացնես, դեռ մի բան էլ ասես` այ սա էլ քո անձնագրի համարը, տես` դու իմ հաճախորդն ես, հիմա էլ սա եմ քեզ առաջարկում, շատ հավանական է, որ այդ մարդկանց մի մասն այդ խայծը կուլ կտա և կսեղմի համապատասխան հղումը և կդառնա չարագործների թիրախ»:

Նախկինում Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը երկու տարի գլխավորած, ներկայում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի խոսքով` Հայաստանում բազմաթիվ մասնավոր ու պետական ընկերություններում անձնական տվյալների պաշտպանությունը անմխիթար վիճակում է։

«Նրանք ձեռնպահ են մնում այս նպատակով անհրաժեշտ միջոցներ ծախսել, որովհետև դա բավականին թանկ, ծախսատար պրոցես է, և իրենց էլեկտրոնային համակարգերը դարձնել պաշտպանված, բավարար պաշտպանության մակարդակի, և դրա համար է, որ թե՛ հիվանդանոցներից վերջին 1-2 տարվա ընթացքում բավականին հաճախ տեղի ունեցան օրինակ` քովիդով վարակվածների տվյալների արտահոսքեր, այսինքն` դրանք բավականին հաճախ գործընթացներ են դարձել մեր երկրում: Սա վկայում է մի բանի մասին, որ այս ընկերություններում ուղղակի չկան անհրաժեշտ կանխարգելման միջոցներ, դրա համար գոյություն ունի միջազգային ստանդարտ` ISO 27001-ը, որ օրինակ` բանկային համակարգում հաջողությամբ ներդրված է, և կարող ենք ասել, որ այս համակարգը պաշտպանված է», - ասաց Դոյդոյանը:

«Ազատության» զրուցակիցների խոսքով` նախորդ երեք տարում հայաստանյան պետական ու մասնավոր ընեկրություններից գրանցվել են անձնական տվյալների մոտ մեկ տասնյակ արտահոսքեր, որոնք հատկապես մասշտաբային էին 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ։

Թեև Անձնական տվյալների պաշտպանության օրենքը գործում է արդեն յոթ տարի, ստեղծվել է նաև ոլորտը կանոնակարգող գործակալություն, սակայն հայաստանյան որևէ պետական կամ մասնավոր ընկերություն օրենքը խախտելու համար դեռևս չի տուգանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG