Թուրքիան սկսում է միջազգային տիեզերակայան առաջին թուրք տիեզերագնացին ուղարկելու նախապատրաստական աշխատանքը: Այդ մասին կառավարության նիստից հետո հայտնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ազգային տիեզերական ծրագրի շրջանակներում մենք պաշտոնապես սկսում ենք մեր քաղաքացուն Միջազգային տիեզերակայան ուղարկելու գործընթացը»,- ասել է Էրդողանը:
Ըստ թուրքական մամուլի, 45 տարին չբոլորած ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է դառնալ երկրի առաջին տիեզերագնացը, պետք է դիմում գրանցի կառավարության ստեղծած հատուկ կայքում: Դիմումները կընդունվեն մինչև այս տարվա հունիսի 23-ը:
Անցյալ տարվա փետրվարին Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմն ասել էր, որ Անկարան, ամենայն հավանականության, հավանություն կտա ռուսական «Սոյուզ» հրթիռով 2023 թվականին Թուրքիայի քաղաքացու տիեզերք ուղարկելու տարբերակին:
2021 թվականին Էրդողանը հայտարարել է ազգային տիեզերական ծրագրի մասին:
Այդ ծրագրի կետերից մեկով թուրք տիեզերագնացների խմբում ընդգրկված թեկնածուները կմասնակցեն տիեզերական թռիչքին նախապատրաստվելու ուսումնավարժական դասընթացների: