Մատչելիության հղումներ

Ըստ մասնագետների՝ որակով բերք ստանալու համար հարկավոր է հողը տալ ագրոքիմիական անալիզի


Հայաստանում հողագործները հաճախ ներդրումներ են անում հողից եկամուտ ստանալու համար՝ առանց նախնական տեղեկություններ ունենալու, թե որքանով է այդ հողն ի վիճակի բերք տալ, ինչ որակական հատկանիշներ ունի այն, որ մշակաբույսերը կարող են իրենց լավ զգալ տվյալ հողում կամ ինչ է պետք այդ հողին ավելի բերքատու դառնալու համար։

Նման հետազոտություններ են արել գյուղատնտեսության ոլորտի մասնագետներն ու եզրակացրել՝ գյուղացիները մեծամասամբ պարարտանյութեր կամ բուժանյութեր կարող են օգտագործել, որոնք ըստ էության, պետք չեն իրենց հողին, կամ հակառակը՝ պատկերացում չունենալ, որ հողը այս կամ այն սննդատարրի կարիքն ունի՝ կոնկրետ քանակությամբ։

Ամեն տարի պարարտացման նույն համակարգով մշակելու դեպքում հողերն աստիճանաբար ենթարկվում են դեգրադացիայի և աղքատանում են սննդատարրերով, ասում է կանաչ տեխնոլոգիաների փորձագետ Վարդան Թորչյանը։

«Ամեն մի մենատնտես, երբ որ ինքը սկսում է մշակել, մշակում է այնպես, ինչպես կարող է, մշակում է նրանով, ինչ որ ձեռքի տակ կա, առանց հաշվի առնելու այն վիճակը, որում ինքը գտնվում է: Մարդը եթե ունի կոնկրետ ազոտական պարարտանյութ, դա հեշտ է իր համար, դա է կիրառում, եթե չունի՝ չի կիրառում, ունի գոմաղբ, դա է կիրառում կամ չի կիրառում: Այսինքն մարդու ձեռքի տակ ինչ կա, ինչ հնարավոր է, դա էլ օգտագործում է», - ասաց Թորչյանը:

Մինչդեռ մասնագետները պնդում են՝ հարկավոր է ագրոքիմիական անալիզ անել հողի յուրաքանչյուր կտորի համար մշակության ընթացքում պարարտացման աշխատանքները ճիշտ կազմակերպելու, արդարացված ներդրումներ անելու և որակով բերք ստանալու համար։

«Եթե մարդը գնում է բժիշկի, առաջինն իրեն ուղարկում են լաբորատոր հետազոտության, որի մեջ ենթադրում են անալիզներ: Եթե հողը չեք տալիս անալիզի, չգիտեք՝ ինչ կառուցվածք ունի, ինչ բաղադրություն ունի, դուք այնտեղից չեք կարող ձեր ցանկացած քանակի բերքը ստանալ: Կան սննդատարրեր, որոնք նպաստում են բույսի աճին, կան, որոնք նպաստում են բերքի որակական հատկանիշների լավացմանը, կան, որոնք պետք են հողին, որպեսզի կոչվի հող», - ներկայացրեց Վարդան Թորչյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում հիմնվեց Լոռու մարզի առաջին լաբորատորիան, որը հնարավորություն կտա քիմիական անալիզի միջոցով չափելու հողի մեջ սննդատարրերի պարունակությունը և ճիշտ պարարտացնել՝ նկատի ունենալով հողի հատկություններն ու բույսի պահանջն այդ սննդատարրերի նկատմամբ։ Դրանով հնարավոր կլինի կառավարել հողի բերրիությունը։

«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում ստեղծված լաբորատորիայում հնարավոր կլինի ստուգել ֆոսֆորի և այլ սննդային տարրերի պարունակությունը հողում, էլեկտրահաղորդականությունը, աղերի ակտիվությունը, հողի խոնավությունն ու ջերմաստիճանը, ասում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու նշում, որ իրենք էլ իրենց փորձարարական ինտենսիվ այգում հետաքրքիր փորձ են ունեցել, երբ հողի միայն մի հատվածում ծառերը լավ չէին աճում։

«Հողի անալիզի արդյունքում ընդամենը այդ մեկ փոքրիկ կտորը մի քանի շարքի, պարզվեց, որ որոշակի միկրոէլեմենտների խնդիր ունի: Եթե մենք հողի անալիզը չանեինք, մենք չէինք կարողանա պատկերացնել, հողի անալիզի արդյունքում պարզեցինք խնդիրը և կոնկրետ միկրոէլեմենտի օգտագործումից այդ շարքի խնդիրը լուծվեց: Այսինքն սա ընդամենը մի պարզ օրինակ է, թե ինչի է կարևոր իմանալ, թե հողն ինչի կարիք ունի», - ընդգծեց Ուռուտյանը:

Վանաձորին մոտիկ, Արջուտ գյուղում մոտ 250 հա վարելահող ու տնամերձ հողամաս կա։ Դրանից 7 հեկտարը վարչական ղեկավար Վարդան Մկրտչյանն է մշակում։ Ասում է՝ այգիներ է տնկել առանց հողը անալիզի ենթարկելու, բայց որոշել է՝ անպայման լաբորատորիա կբերի՝ տեսնելու՝ որքանո՞վ է հարուստ իր հողտարածքն ու արդյոք կստացվի՞ ուզածի չափ բերք ստանալ։

«Մենք մինչև անգամ անհրաժեշտությունից ելնելով հասցնում ենք Երևան՝ ստուգելու, իմանալու մեր հողերում ինչ ցանենք, ինչ սերմ: Եթե մեր մարզում ա, մենակ տրանսպորտի ծախսը, որ հանենք Երևան գնալ-գալու, այդքանը կբավարարի, որ մենք անենք», - ասաց Մկրտչյանը:

15-20 հազար դրամի սահմաններում ֆերմերները կարող են ընդհանուր պատկերացում կազմել իրենց հողի որակի մասին։ Ագրարային համալսարանի ղեկավարները վստահեցնում են, թե սա լաբորատոր հետազոտության ինքնարժեքն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG