Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպան. Ինքնորոշման իրավունքը առանցքային, սակայն կարգավորման միակ սկզբունքը չէ


Հայաստանում Միացյալ նահանգների դեսպան Լին Թրեյսին «Արմենպրես» պետական գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե Վաշինգտոնը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում:

Միաժամանակ, դեսպանն ընդգծել է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար. «Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված: Մենք շարունակում ենք կարծել, որ տևական լարվածության հիմքում գտնվող և 2020 թվականի ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները և պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։

Անդրադառնալով գերեվարված հայ զինծառայողների ազգականների հետ հանդիպմանը՝ դեսպան Թրեյսին կրկին կոչ է արել ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և մեծացնել ջանքերը անհետ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն:

Ամերիկացի դիվանագետը աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությանը՝ ընդգծելով նաև, որ անընդունելի է այդ հարցը կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ. «Միացյալ Նահանգների դիրքորոշումը վաղուց ի վեր եղել և մնում է այն, որ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և առանց այլ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ կապելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG