Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր և վիրավորներ Տաջիկստանում բախումների հետևանքով. միջազգային հանրությունը մտահոգված է


Տաջիկստան - Բախումները Լեռնային Բադախշանում, 18-ը մայիսի, 2022թ.
Տաջիկստան - Բախումները Լեռնային Բադախշանում, 18-ը մայիսի, 2022թ.

Միջազգային հանրությունը խորը մտահոգություն է հայտնում Տաջիկստանում ներքին լարվածության, կոշտ բախումների և մարդկային զոհերի կապակցությամբ։

Խաղաղ բնակիչների և կառավարական ուժերի միջև բախումները տեղի են ունեցել Լեռնային Բադախշանի տարածաշրջանում, որը սահմանակից է Չինաստանին և Աֆղանստանին։ Տաջիկստանի ուժայինները «հակաահաբեկչական գործողություններ» են իրականացրել, որոնց ընթացքում, ինչպես հաղորդվել է, զոհվել է 10 մարդ՝ այդ թվում մեկ զինծառայող, 27-ը ստացել են վնասվածքներ, ձերբակալվել է ավելի քան 70 քաղաքացի։

Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելություններն այսօր համատեղ հայտարարություն են տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով անկարգությունների վերաբերյալ, կոչ անելով բոլոր կողմերին «թուլացնել լարվածությունը, զսպվածություն ցուցաբերել, ձեռնպահ մնալ անհամաչափ ուժի կիրառումից և զերծ մնալ բռնություն հրահրելուց»։

Իրավիճակն այս տարածաշրջանում սրվել է մայիսի 14-ից հետո, երբ հարյուրավոր բնակիչներ փողոց դուրս եկան շրջանի ղեկավարության հրաժարականի պահանջով՝ բախվելով ուժայինների կոշտ դիմադրությանը:

250 հազար բնակչություն ունեցող Լեռնային Բադախշանը Տաջիկստանի ամենաաղքատ շրջաններից է, որտեղ հասնելն անգամ բարդ է լեռնային տեղանքի պատճառով, տնտեսությունը խարխլված է գործազրկության, դժվարին կենսապայմանների և սննդի բարձր գների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG