Կիևը պնդում է, որ ուկրաինական զորքերը Խարկովի հատվածում դուրս են եկել Ռուսաստանի հետ սահման։
Կիրակի երեկոյան Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մի տեսանյութ է տարածել, որում պատկերված են ուկրաինացի զինվորականներ՝ կապույտ և դեղին գույներով ներկված սահմանային սյան մոտ խմբված։ Զինվորականները պնդում են, որ ներկայացնում են Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերի 127-րդ բրիգադը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր առավոտյան տարածած հաղորդագրության մեջ, սակայն, նշել է միայն, որ ռուսական ուժերը փորձում են թույլ չտալ ուկրաինական ուժերի առաջխաղացումը դեպի պետական սահման։
Արևմտյան լրատվամիջոցները ևս առայժմ ի վիճակի չեն անկախ աղբյուրներից հաստատել ուկրաինական զորքերի՝ սահմանին մոտենալու մասին տեղեկությունները։