Մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի մասնակից 11-ամյա Ռոբերտը Արմավիրից ամեն շաբաթ գալիս է Երևան՝ մաթեմատիկայի խմբակի մասնակցելու։ Իր դպրոցից դժգոհ չէ, բայց ասում է՝ այնտեղ չի գտնում այն, ինչ ամենից շատ է հետաքրքրում․ տրամաբանական խնդիրներ, որոնք կստիպեն մտածել։
«Դպրոցում սովորում ենք, ստեղ գալիս լրացուցիչ ստանում ենք, էն չենք անցնում, ինչ որ դպրոցում անցնելու ենք, նենց բաներ ենք անցնում, որ դպրոցում չենք անցնելու», - ասաց Ռոբերտ Գյոնջյանը:
Խմբակում մի քանի տասնյակ աշակերտ է՝ Հայաստանի տարբեր մարզերից․ ամեն շաբաթ այստեղ մոտ մեկուկես ժամ խնդիրներ են լուծում մաթեմատիկոս, բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հետ։ Նախաձեռնությունը նրանն է։
«Մենք փորձում ենք գոնե բովանդակային մասով նորարաին մոտիկ, ոչ իդեալական, բայց շատ ավելի ժամանակակից, երեխաների համար ընկալելի և հասանելի բովանդակություն ստեղծել, որ հնարավոր լինի դրանցով սովորել», - նշեց մաթեմատիկոս Սմբատ Գոգյանը:
Գոգյանը 2014-ից է տաղանդավոր մաթեմատիկոսներ փնտրում Հայաստանի դպրոցներում։ Ցանկացողների հետ անվճար դասընթացներ է անցկացնում՝ թե՛ օնլայն, և թե՛ օֆլայն․տարիների փորձից առանձնացնում է խնդիրներ, որ իր խոսքով, առկա են գրեթե բոլոր դպրոցներում։
«Հայաստանի հանրակրթությունը գլոբալ առումով երեխաներին չի սովորեցնում միտք արտահայտել և չի սովորեցնում կարդացածը ընկալել որպես միտք, բառերը ընթերցում են, հասկանում են, բայց միտքը ընկալելու լուրջ խնդիր կա։ Հիմնականում աշխատել եմ խելացի երեխաների հետ, և այդ տաղանդավոր երեխաներն էլ են ներառական: Մենք միշտ խոսում ենք, որ սահմանափակ հնարավորությունն ունեցող երեխաների իրավունքները, հնարավորությունները պիտի հավասարեցնեն, բայց տաղանդավոր երեխային դպրոցում անելու բան չկա։ Նա շատ արագ կարողանում է ամեն ինչ ընկալել ու դառնում է դասատուի համար պրոբլեմ, որովհետև ամեն ինչն արագ յուրացնում է և դասատուն կամ պիտի մնացածին անտեսի սրանով զբաղվի, կամ էլ՝ հակառակը: Մեր հանրակրթությունը նաև նպաստում է տաղանդների ոչնչացմանը», - ասաց Գոգյանը:
Եթե դպրոցներում կան, օրինակ, պարի, կարի խմբակներ, ինչո՞ւ չեն ստեղծվում նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի կամ այլ առարկաների խմբակներ, հարցնում է մասնագետը. «Մաթեմատիկայի խմբակ ոչ մեկ չի անում, ֆիզիկայի խմբակ չեն անում, որովհետև դժվար ա դա անելը, դա ինտելեկտուալ, մտավոր լուրջ աշխատանք ա պահանջում»:
Խնդրին տեղյակ են կրթության նախարարությունում։ Գերատեսչության ներկայացուցիչ Արտաշես Թորոսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ օրենսդրական վերջին փոփոխություններով նախատեսվում է, որ դպրոցներում առարկայական խմբակներ ևս կլինեն, դրանց համար նախատեսված է առանձին ֆինանսական միջոցներ հատկացնել։
«Դպրոցը հաստատագրված կստանա գումար, որ դպրոցը ուրիշ ոչ մի բանի վրա իրավունք չունի ծախսելու, բացի խմբակի ուսուցչին վարձատրությունից, և երեխաները հնարավորություն կստանան օգտվել իրենց հետաքրքրությունից ելնելով խմբակներից», - ասաց Թորոսյանը։
Ըստ ծրագրի, Այդ խմբակներում կդասավանդեն ինչպես դպրոցի ուսուցիչներն, այնպես էլ հրավիրված մասնագետներ։ Օրենքն ընդունվել է այս տարվա սկզբին, բայց դեռ հստակ չէ, թե այս փոփոխությունները երբ կիրագործվեն։ Մինչ այդ արմավիրցի Ռոբերտը կշարունակի ամեն շաբաթ ծննդավայրից երթուղայինով մայրաքաղաք գալ՝ տրամաբանական խնդիրներ լուծելու համար։