Siemens գերմանական կոնցեռնը որոշել է հեռանալ ռուսական շուկայից` այդպես իր բողոքը հայտնելով Ուկրակինայի վրա Ռուսաստանի ռազմական ներխուժման դեմ:
Ամբողջ աշխարհում հայտնի ընկերությունը դադարեցրել է արտադրական և գործառնական աշխատանքները:
«Մենք դատապարտում ենք պատերազմն Ուկրաինայում և որոշել ենք դադարեցնել մեր գործունեությունը: Դա դժվար որոշում է, հաշվի առնելով մեր աշխատակիցների մասին հոգ տանելու պարտավորությունը և հաճախորդների հետ սերտ հարաբերությունները մի շուկայում, որտեղ մենք գրեթե 170 տարի ենք աշխատում»,- ասել է ընկերության նախագահ Ռոլանդ Բուշը:
Ռուսաստանում Siemens-ը մասնակցել է «Սապսան» արագընթաց գնացքի և «Լաստոչկա» էլեկտրագնացքի ստեղծման և արտադրության ծրագրին:
Պատերազմի մեկնարկից հետո Siemens-ը սառեցրել է համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ, այդ թվում` չեղարկել է պայմանագիրը «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության հետ: