Պաշտոնական Անկարան շարունակում է միջնորդական ջանքերը Մոսկվայի և Կիևի միջև ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար:
Թուրքական TRT Haber-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները առաջիկա օրերին կարող են հանդիպել հումանիտար հարցերով կոնտակտային խմբի շրջանակում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիտսը օրերս Թուրքիայում էր, նա հանդիպել էր նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընին, քննարկվել է իրավիճակը Ուկրաինայում և հումանիտար հրատապ հարցեր, ինչպես նաև կոնտակտային խմբի ստեղծման թեման: Թուրքական պետական լրատվամիջոցի փոխանցմամբ, ՄԱԿ-ի մշտական անդամ հինգ երկրները և շահագրգիռ կողմերը շարունակում են քննարկումները հնարավոր հաշտեցման դեպքում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ:
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գերմանական Frankfurter Allgemeine թերթի հետ զրույցում ասել է, թե Թուրքիան և ՄԱԿ-ը կարող են միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև:
«Այս գործընթացում Թուրքիան բավական լավ գործ է անում, երկու կողմի հետ էլ լավ հարաբերություններ ունի, սակայն միջնորդության հարցում շատ լավ կլինի, եթե ՄԱԿ-ը գործի անցնի», - նշել է Բորելը: