Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ուժը 2021-ի ընտրություններում շուրջ 10 միլիոն դրամի կաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե


« - Էսօրվա համար բան չեն ասել, էրեկ գիշերը Էջմիածնի Ռուբոն էր զանգել, ինչ-որ բան էին ուզում անեին իրանց մոտ, ինչքան գիտեմ: էրեկ ինչքա՞ն փող են տվել բա:

- Բաղրամյանն էլ հետը՝ 200», - համացանցում տարածված այս ձայնագրության հետքերով իրավապահները անցած շաբաթ դաշնակցության Արմավիրի գրասենյակներ էին այցելել, ու ինչպես իրենք են պնդում՝ փաստեր են հայտնաբերել հանցագործության մասին։

Հակակոռուպցիոն կոմիտեն մասնավորապես հայտարարում է, թե ընդդիմադիր ուժը անցած տարվա ընտրություններում շուրջ տասը միլիոն դրամի կաշառք է բաժանել։ Որպես ապացույց իրավապահները հրապարակում են նոթատետրի էջեր, որտեղ՝ հատկացում շտաբից, հատկացում գերագույն մարմնից գրառումների տակ նշված են ամսաթվեր ու մեկը մյուսին հաջորդող գումարի չափեր՝ 15 հազարից մինչև 100 հազար դրամ։

Կոմիտեն պնդում է, թե սա վկայում է ընտրակաշառքի մասին, դաշնակցական Արծվիկ Մինասյանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները. «Ես, ճիշտն ասած, չեմ էլ տեսել ինչ ցուցակներ են կամ ինչ անուններ են և այլն, որը քրեական գործի շրջանակներում դեռ պետք է տրամադրեն, դեռ պետք է հասկանալ՝ ինչ է: Բայց ակնհայտ է մի բան, որ այս մարդկանց համար, այսօրվա գործող իշխանության համար, ինչ փաստաթուղթ ասես կարան ստեղծեն: Ես տեղյակ չեմ, թե, նախ, ովքեր են: Կարող է կուսակցական ընկերներն են, որոնք այդ օրվա իրենց պայոկները պետք է հոգան տեղերում, ես տեղյակ չեմ ինչ անուններ են: Ի վերջո ընտրական գործընթացում պետք է սնվել, որպես վստահված անձ տեղափոխվես էս տեղից էն տեղը»:

Ձեռագրով արված նշումների մի մասը Հակակոռուպցիոն կոմիտեն ծածկել է, սակայն շարքերից մեկում կարելի է կարդալ՝ ակտիվիստներ, շտաբ ու գյուղերի անուններ։ Քրեական գործը երեկ է հարուցվել, մեղադրյալ առայժմ չկա։ Քննությունը շարունակվում է: Դաշնակցությունը, վերջնական արդյունքներից առաջ արդեն հայտարարում է, թե սա քաղաքական պատվեր է։ Գործը հարուցվել է ճիշտ այն ժամանակ, երբ իրենք փողոց են դուրս եկել վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Իրենք, հասկանալով, որ թափ է հավաքում ազատագրական այս պայքարը, փորձեցին նույն ժամանակահատվածում մի քանի գործողությունները. սկզբում իրենց գործիք դարձած քննչական մարմինների միջոցով կեղծ, ապօրինի քրեական գործեր հարուցել, մարդկանց բերման ենթարկել, վախեցնել, մեկուսացնել, երկրորդը՝ հրահրել, զուգահեռաբար նաև քաղաքացիական բախումներ, անհնազանդություններ: Սա ցույց է տալիս այս իշխանության, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության իրական կերպարը», - նշեց Մինասյանը:

Դաշնակցությունը հերքում է նաև իրավապահների պնդումները, թե ընդդիմությունը այս օրերին վճարում է ցուցարարներին՝ հանրահավաքներին մասնակցելու համար։ Այս մեղադրանքով օրերս երկու դաշնակցական է կալանավորվել։ Եթե մեղադրանքն ապացուցվի, նրանց սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։ Փաստաբան Մխիթար Տիգրանյանը, սակայն, այս գործը անհիմն է որակում։

«Դա կարա լինի գրասենյակների գործունեության հետ կապված տնտեսական ինչ-որ ապրանքների գումար կամ եթե նույնիսկ ընդունենք հավաքներին ներգրավելու կամ հավաքներին մասնակցելու համար է, մարզային մի քանի հազար կուսակիցներ կան, եթե Բաղրամյանի տարածաշրջանի ու Արմավիրի տարածաշրջանի կուսակիցների անակը հաշվենք, հազարները կարան անեցնեն: Էդ մարդիկ, որպեսզի գնան, ներկայանան էդ հավաքներին կամ իրենց խաղաղ իրավունքը փորձեն իրացնել, ճանապարհածախս ա, սնվել ա, ջուր ա: Այսինքն դա այն գումարը չի, որը կարելի է մեկնաբանել ինչ-որ անձանց նյութապես շահագրգռելու գումար», - ասաց փաստաբանը:

Երկու տարի առաջ էլ նմանատիպ հոդվածով քրեական գործ էր հարուցվել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի դեմ։ Գագիկ Ծառուկյանը ևս մեղադրյալի աթոռին հայտնվեց Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո՝ 2017-ի ընտրություններին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Մինչ օրս, սակայն, Ծառուկյանը ազատության մեջ է, քննությունը շարունակվում է, ուժի մեջ մտած որոշում չկա։

Ընդդիմադիր ուժը 2021-ի ընտրություններում շուրջ 10 միլիոն դրամի կաշառք է բաժանել. ՔԿ
please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG