Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հեռախոսազրույցում ներողություն է խնդրել հրեաների և հակասեմիտիզմի մասին արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի համար:
Ըստ Իսրայելից ստացված հաղորդագրության, վարչապետն ընդունել է ներողությունը և շնորհակալություն է հայտնել «հրեա ժողովրդի և Հոլոքոսթի պատմության հանդեպ Ռուսաստանի նախագահի վերաբերմունքի համար»:
Կրեմլի կայքում Պուտինի և Բենեթի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ներողություն հայցելու փաստի մասին տեղեկություն չկա և ընդամենը նշվում է, որ նախագահը շնորհավորել է վարչապետին Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ և նրա հետ քննարկել է Ուկրաինայի խնդիրը:
Մայիսի 1-ին Լավրովը հարցազրույցում Ուկրաինայի նախագահ, ծագումով հրեա Վլադիմիր Զելենսկուն համեմատել էր ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ և ասել, թե 6 միլիոն հրեաների սպանդ իրականացրած Հիտլերն էլ հրեայի արյուն ուներ:
«Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենավառ հակասեմիտները, որպես կանոն, հրեաներ են», - ասել էր Լավրովը:
Նրա այդ հայտարարությունն աննախադել վրդովմունք է առաջացրել Իսրայելում, որտեղ Լավրովին մեղադրել են ստախոսության և ռասիզմի մեջ:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ ստանալու համար կանչել էր Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին և նրան բողոք հայտնել: