Մատչելիության հղումներ

Պատերազմի պատճառով երկիրը լքած ռուսաստանցիներից շատերը ապաստան են գտնում նաև Թուրքիայում


Ստամբուլը վերջին ամիսներին փրկօղակ է դարձել մեծ թվով ռուսաստանցիների համար։ Անդրեյը, ով թաքցնում է իր իրական անունը, վերջերս է Թուրքիա տեղափոխվել իր վտարանդի ընկերներից մեկի հետ։

«Երբ իմացա, որ կարող է զորակոչ լինել, ընդամենը երկու ժամ ունեի իրերս հավաքելու և երկրից հեռանալու համար։ Ես գիտեմ նաև ինձ պես այլ մարդկանց, որոնք փորձում էին լքել Ռուսաստանը։ Ոստիկանները սկսեցին զրուցել նրանց հետ, հարցնել՝ ինչու՞ են գնում երկրից։ Ես Ստամբուլը ընտրեցի, քանի որ այն այնքան էլ հեռու չէ: Ես արդեն ինչ-որ բաներ գիտեի այս քաղաքի մասին։ Ես այստեղ ծանոթներ ունեմ և ամենուր միայն ռուսերեն եմ լսում», - ասում է վտարանդի Անդրեյը։

Ռուսաստանի հետ պատմական կապեր ունեցող Թուրքիան, որը ռուս տարագիրների ընդունելու ավանդույթ ունի, այն փոքրաթիվ երկրներից է, որը չի արգելափակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։

Ռուսաստանի անձնագիր ունեցողները կարող են առանց մուտքի վիզայի այցելել Թուրքիա, իսկ որոշ ռուսաստանցիների համար Թուրքիան ընդամենը տարանցիկ ուղղություն է դեպի եվրոպական տարբեր երկրներ։

Ստամբուլում հաստատված ռուսաստանցիներից շատերի համար ռուս-ուկրաինական հակամարտությունը երկրից հեռանալու հնարավորություն էր։

«Ես լուրերին հետևում եմ և կարծում եմ, որ սահմանները շուտով կփակվեն. Կարծում եմ, որ հիմա երկիրը լքելու վերջին հնարավորությունն է: Ռուսաստանից հեշտությամբ կարող եք Եվրոպա տեղափոխվել, այսինքն նախ՝ Ստամբուլ, հետո Եվրոպա։ Իմ ընկերներից շատերն արդեն տարբեր երկրներում են: Նրանք լքեցին Ռուսաստանն ու որոշեցին չվերադառնալ», - ասում է Անդրեյը։

Բազմաթիվ ռուսներ այժմ անշարժ գույք են գնում Թուրքիայում, այնտեղ են տեղափոխում նաև իրենց խնայողությունները, ինչը հեշտացնում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։

Property Turkey անշարժ գույքի գործակալության աշխատանքը վերջին շրջանում զգալիորեն ծանրաբեռնվել է։ Նույնիսկ SWIFT միջազգային դրամական փոխանցումների համակարգից Ռուսաստանի անջատումը խոչընդոտ չհանդիսացավ ռուսների համար, ովքեր ցանկանում էին Թուրքիայում անշարժ գույք գնել:

Ալեքս Չիհանօղլուն Ստամբուլում գործող ռիելթորական ընկերության գործակալներից է. - «Մարդիկ, ովքեր հետաքրքրված են քաղաքացիության ծրագրով, ամենից շատն են ցանկանում ներդրումներ կատարել Ստամբուլի անշարժ գույքի շուկայում։ Հիմա SWIFT-ի անջատման պատճառով, շատերը չեն կարողանում փոխանցումներ անել։ Բայց կա այդ արգելքը շրջանցելու այլ ճանապարհ։ Օրինակ, կրիպտոարժույթը Թուրքիա տեղափոխելու լավագույն տարբերակներից մեկն է»։

Անդրեյը պատրաստվում է Ստամբուլից Եվրոպա տեղափոխվել և նոր կյանք սկսել այնտեղ՝ չնայած մտքերով Ռուսաստանում ապրող իր ընտանիքի հետ է. - «Ես ամեն օր եմ մտածում եմ նրանց մասին։ Գրեթե ամեն օր խոսում եմ նրանց հետ, շփվում հաղորդագրություններով։ Ես շատ եմ ցանկանում, որ նրանք էլ դուրս գան Ռուսաստանից և շատ եմ ցանկանում, որ Ռուսաստանը փոխվի։ Չեմ կարող պատկերացնել, թե դա երբ կլինի, քանի որ հիմա վիճակը շատ ծանր է, ինձ Խորհրդային տարիներն է հիշեցնում։ Ինձ համար սա Ռուսաստանի մահն է»։

Պատերազմի մեկնարկից ի վեր երկիրը լքած ռուսաստանցիներից շատերի համար Թուրքիան ժամանակավոր ապաստան է։ Ռուսաստանի քաղաքացիները նաև Վրաստանն ու Հայաստանն են տեղափոխվում։ Նրանց թվի մասին ստույգ վիճակագրական տվյալներ առայժմ չկան։

XS
SM
MD
LG