Երկու տարին մեկ անցկացվող Վենետիկի միջազգային բիենալեն ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր հարթակներից մեկն է, որտեղ արդեն որերորդ տարին առանձին տաղավարով, ի թիվս տասնյակ ու տասնյակ երկրների, ներկայանում է նաև Հայաստանը։
Այս տարի Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ բիենալեին ներկայացվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթած լիտվահայ արվեստագետ, կոմպոզիտոր Անդրիուս Հարությունյանի «Ղարիբ» նախագիծը, որի համադրողներն են Անի Դավիդյանն ու Ելենա Սորոկինան։
Վենետիկի միջազգային արվեստի 59-րդ բիենալեն բացվել է ապրիլի վերջին և կտևի մինչև նոյեմբերի վերջը։ Այս տարի բիենալեին մասնակցում է 80 երկիր։ Հայաստանյան տաղավարի բացմանը ներկա են գտնվել Վենետիկի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հայաստանյան տաղավարի հանձնակատար, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը ևտաղավարի համակարգող, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։
«Ազատության» հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նշեց, որ լիտվահայ արվեստահետ Անդրիուս Հարությունյանի նախագիծը և առհասարակ հայկական տաղավարը չափազանց մեծ ուշադրության է արժանացել բիենալեի մասնակիցների և հյուրերի կողմից. - «Ընդհանրապես չափազանց կարևոր է երկրի հնարավորինս լիարժեք մասնակցությունը միջազգային տարբեր հեղինակավոր հարթակներում, որովհետև այդ մասնակցությամբ մենք լուծում ենք ոչ միայն մասնագիտական խնդիրներ, մենք ոչ միայն հնարավորություն ենք տալիս ժամանակակից գեղարվեստական մտքի որոնումների դրսևորմանը, այլև ընդհանրապես դրանով մենք երկիրն ենք ներկայացում, երկրի ճանաչելիությունն ենք բարձրացնում, և ըստ էության, փոխում ենք նաև երկրի վարկանիշը, որ Հայաստանը ոչ միայն թանգարան է բաց երկնքի տակ, այլ Հայաստանում կան կենդանի պրոցեսներ, Հայաստանում կան արվեստագետներ, որոնք խոսում են միևնույն հասկանալի լեզվով, ինչ միջազգային ստեղծագործական հանրությունը»։
Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեին Հայաստանի մասնակցությունը մեծ չափով խթանում է նաև հայ-իտալական հարյուրամյակների պատմություն ունեցող մշակութային համագործակցությունը և առավել սերտ կապերի ու առնչությունների ձևավորումը։
Անդրադառնալով այն սկզբունքին, որով ձևավորվել հայկական տաղավարը՝ փոխնախարար Խզմալյանն ասաց. - «Ճիշտն ասած, սկզբունք էինք որդեգրել, որ այս տարի հայկական տաղավարը լավ կլինի, որ չլինի հայկական տարածքում, հայկական միջավայրում։ Եվ մենք Արսենալեի միանգամից դիմացը՝ չափազանց շահավետ և նպատակահարմար մի միջավայր, վարձակալության սկզբունքով վերցրել էին, և վայրը միայն նպաստեց նրան, որ մարդկային հոծ բազմությունը, որը գնում է մասնակցելու բիենալեին տարբեր հարթակներում, անցնում էր նաև հայկական տաղավարով։ Վայրի ընտրությունն ինքնին արդեն հաջողության մի զգալի մասն է»։
Բացի դրանից, ինչպես ընդգծում է Արա Խզմալյանը, շատ կարևոր է եղել նախարարության հայտարարած մրցույթում հաղթած նախագծի հեղինակների կազմը. - «Մենք նաև համադրողներին ընտրել էինք դրսից, մարդիկ, ովքեր տիրապետում են միջավայրին, մտած են համընդհանուր այդ համայնքի, այդ ցանցի մեջ։ Մի քանի ճիշտ որոշումներ, նաև հանձնաժողովի մասնագիտական իրազեկության շնորհիվ, ովքեր որ ընտրեցինք հենց այս հայտը, կարծում եմ, մենք շատ բարենպաստ վիճակում հայտնվեցինք, շատ արժանավոր ներկայացանք։ Բացման արարողությանը ներկա էր նաև Վենետիկի փոխքաղաքապետը, Վենետիկի մշակույթի ոլորտի պատասխանատուները։ Ըստ էության, բոլորը շատ դրական էին արձագանքում և շեշտում էին մի բան, որ այս տարի Հայաստանը ներկայացավ բոլորովին այլ մակարդակով և այլ որակով։ Կարծում եմ, որ սա պիտի լինի շարունակական, որովհետև առաջիկայում մենք ունենք Կաննի կինոշուկա, որտեղ կմասնակցի մեր Ազգային կինոկենտրոնը, դրանից հետո Ֆրանկֆուրտի գրքի փառատոնը»։
Հավելենք նաև, որ նախորդ՝ 2019 թվականին Հայաստանը Վենետիկի բիենալեին ներկայացրել էր Սուսաննա Գյուլամիրյանի «Հեղափոխության Սենսորիում» նախագիծը, իսկ 2015 թվականին Հայաստանի տաղավարը Armenity («Հայություն») խորագրով արժանացել էր Վենետիկի բիենալեի «Ոսկե Առյուծ» մրցանակին։