Մատչելիության հղումներ

«Բալթյան տուն» թատրոն-փառատոնը երկու ներկայացում է բերել Երևան


Նախկին Լենինգրադում, ներկայիս Սանկտ Պետերբուրգում 1936 թվականին հիմնադրված Լենինյան կոմերտմիության անվան պետական թատրոնը Խորհրդային Միության փլուզումից հետո 1991 թվականից կոչվում է «Բալթյան տուն», իսկ 2000 թվականից այն ստացել է պետական թատրոն-փառատոնի կարգավիճակ, որտեղ ստեղծագործական գործունեությամբ են զբաղվել ոչ միայն ռուս, այլև մերձբալթյան, եվրոպական տասնյակ թատերախմբեր, որոնք տարիներ շարունակ հյուրընկալվել և իրենց բեմադրություններն են ներկայացրել այդ թատրոն-փառատոնին։

1991 թվականից ի վեր այս ամենամյա փառատոնը համարվել է եվրոպական թատերական ամենահեղինակավոր ֆորումներից մեկը։ Թատրոն-փառատոնի հիմնական ծրագիրը պրեմիերաներն են։ Այստեղ ներկայացումներով հանդես են եկել ավելի քան 100 թատերախմբեր աշխարհի 30 երկրներից։ «Բալթյան տուն» փառատոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի դափնեկիր է։

Եվ ահա երեկ «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը ժամանել է Երևան երկօրյա հյուրախաղերով։ Մայրաքաղաքի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում այսօր և վաղը մեր հանդիսատեսին երկու բեմադրություն են ներկայացնելու։

Այսօր հրավիրված ասուլիսին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նախ շեշտեց, որ իրենց թատերախումբը տարիներ շարունակ հյուրընկալվել է Սանկտ Պետերբուրգում և սերտորեն համագործակցել «Բալթյան տուն» թատրոն-փառատոնի հետ. - «Այս տարի նույնպես մեր թատրոնը մասնակցեց այդ փառատոնին և ներկայացրեց երկու ներկայացում։ Մեկը մեր երիտասարդ բեմադրիչի՝ Նորա Գրիգորյանի, երկրորդը մեր գեղարվեստական ղեկավարի՝ Կարեն Ներսիսյանի ներկայացումը։ Եվ այդ ներկայացումները մեծ հաջողություններ ունեցան Սանկտ Պետերբուրգում։ Ինչքան հասկանում եք, Սանկտ Պետերբուրգը թատրոնների մայրաքաղաքն է կարելի է ասել։ Այդ տեսակ փառատոնին մասնակցելը և բարձր գնահատական ստանալը շատ կարևոր է մեր թատրոնի համար։ Քանի որ երկար տարիներ մենք մասնակցում էինք այդ փառատոնին, մենք, որպես հյուրասեր թատրոն, պարտավոր ենք ընդունել, և մեզ համար մեծ պատիվ է ընդունել այս երկու օրվա ընթացքում մեր շատ հարգելի հյուրերին»։

Այս երեկո Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում թատերախումբը կներկայացնի Չեխովի հանրահայտ «Հոգյակը» պատմվածքի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումը, իսկ վաղը երեկոյան կներկայացվի «Ինչի մասին են խոսում տղամարդիկ և կանայք» կատակերգությունը։

«Բալթյան տուն» թատրոն- փառատոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Շուբն ասաց, որ երջանիկ է, որ կրկին Հայաստան է այցելել, որտեղ չէր եղել 30 տարի։ Ընդգծեց, որ կյանքն այն ժամանակ բոլորովին այլ էր, երկիրն էլ այլ երկիր էր։

Սերգեյ Շուբը հավելեց, որ մեր հանդիսատեսին ցանկանում են ներկայացնել իրենց խաղացանկի թե' դասական, թե' ժամանակակից մեկական ներկայացում, որոնցից յուրաքանչյուրը ասելիքի առումով շատ խորունկ է, նաև արդիական։

«Ազատության» հարցին, թե արդյոք այս տարի «Բալթյան տուն» փառատոնին իրենց մասնակցել են մերձբալթյան և եվրոպական թատերախմբեր, Սերգեյ Շուբը պատասխանեց, որ, ցավոք, չեն մասնակցել, այս տարի փառատոնին մասնակցել են միայն ԱՊՀ երկրներից ժամանած թատերախմբերը։

Սերգեյ Շուբը հավելեց, որ չի կարող մանրամասնել, թե ինչու փառատոնին ավանդաբար մասնակից մերձբալթյան և եվրոպական մի շարք թատերախմբեր այդպես էլ այս տարի ներկա չգնվեցին փառատոնին, թեև իրենք սպասում էին նրանց։ Նա նաև տեղյակ չէր, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում անցկացվող ամենամյա ավանդական փառատոնին այս տարի չմասնակցելու որոշումը թատրոնների՞ որոշումն էր, թե՞ իրենց իրենց կառավարությունների, բայց շեշտեց, որ ընբռնումով և հարգանքով են վերաբերվում այդ որոշմանը։ Ասաց, որ նաև հույս ունեն հետագայում շարունակելու միջազգային թատերական համագործակցոթյունը եվրոպական և մերձբալթյան թատերախմբերի հետ։

Սերգեյ Շուբը հատուկ շեշտեց, որ Երևանում իրենց պարզապես հիացրել է ջերմ ընդունելությունն ու մեր համաքաղաքացիների անչափ սիրալիր վերաբերմունքը իրենց հանդեպ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG