Մատչելիության հղումներ

Լույս է տեսել Ռոբերտ Մաթոսյանի «10 օր Անրի Վեռնոյի հետ» հուշագրությունը


«10 օր Անրի Վեռնոյի հետ». այս խորագրով է հրատարակել իր հուշագրությունը անվանի կինոգետ, հայ կինոն ներկայացնող 11 գրքի և շուրջ 30 սցենարի հեղինակ, նախկինում մի քանի կինոամսագրերի հիմնադիր Ռոբերտ Մաթոսյանը։

1980 թվականին աշխարհահռչակ մեր հայրենակից Անրի Վեռնոյը (Աշոտ Մաղաքյան) 10 օրով այցելության է գալիս Հայաստան, որտեղ երբեք չէր եղել, և այդ 10 օրերի ընթացքում առավոտից մինչև ուշ գիշեր նրա անբաժան ուղեկիցն էր Ռոբերտ Մաթոսյանը։ Անրի Վեռնոյը շրջել է Հայաստանում, շփվել հայ մարդու հետ, մի շարք հանիպումներ ունեցել մեր կինոգործիչների հետ և հեռացել չափազանց տպավորված։

Երկու տարի առաջ լրացավ Վեռնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որը նշվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, նաև Հայաստանում անցյալ տարի միայն՝ համավարակի պատճառով։ Ռոբերտ Մաթոսյանն այդ օրերին էր ցանկանում տպագրել իր հուշապատումը Հայաստանում աշխարհահռչակ ֆրանսահայ ռեժիսորի անցկացրած 10 օրերի մասին, բայց ֆինանսավորում չգտնելով հետաձգվեց հուշապատումի հրատարակությունը և ի վերջո իր ընկերոջ ֆինանսավորմամբ այս օրերին կարողացավ լույս ընծայել «10 օր Անրի Վեռնոյի հետ» 55 էջանոց գրքույկը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Ազգային գրադարանում։ Գիրքը հրատարակել է «Հայաստան» հրատարակչությունը։

«Ազատության» հետ զրույցում Ռոբերտ Մաթոսյանն ընդգծում էր. - «Երբեմն կան անհատականություններ, մեծություններ, որ պետական հոգածություն... առավել ևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով նշվեց Անրի Վեռնոյի 100-ամյակը, էստեղից մի մեծ պատվիրակություն գնաց։ Հարկավոր է նաև տեր կանգնել հետաքրքիր մասունքների, ժառանգությանը։ Անրի Վեռնոյի մասին շատ-շատ գրված բաներ կան, բայց հայաստանյան այս մասը վակուում ա։ Այս այցը միայն ես կարող էի ներկայացնել, որը, փառք Աստծո, այս գրքույկում ներկայացրել եմ»։

Այդ տասնօրյա այցի ժամանակ Վեռնոյի հետ հանդիպումներ են ունեցել, զրուցել, հազար ու մի հարցեր քննարկել մեր լավագույն կինոգործիչները՝ Մալյանը, Դովլաթյանը, Խորեն Աբրահամյանը և ուրիշներ, որոնք այսօր, ցավոք, մեզ հետ չեն, և Ռոբերտ Մաթոսյանի հուշապատումից շատ բան կարելի տեղեկանալ նրանց այդ հանդիպումներից, ծանոթանալ նաև գրքույկում զետեղված և այդ հանդիպումների մասին պատմող Մաթոսյանի կողմից արված լուսանկարներին։

«Իր մոտ կային բջիջներ, որ արթնացան։ Եվ պատահական չէր այդ գալուց տասը տարի հետո «Մայրիկի» նկարահանումը։ Այդ գաղափարը հենց Երևանում է ծնվել։ Վերջին օրն էր, արդեն ճանապարհում ենք նրան, «Արմենիա» հյուրանոցի մեծ սրահում Հենրիկ Մալյանը կանչեց, ասեց՝ Աշոտ ջան, ես մի թեմա ունեմ, որ ուզում եմ նկարահանես դու, էստեղ ինձ չեն թողնի, դա Սողոմոն Թեհլերյանի դատավարությունն է։ Չնայած նա Թեհլերյանի մասին ֆիլմ ամբողջական չնկարեց, բայց ի վերջո «Մայրիկը» սկսվում է Սողոմոն Թեհլերյանի դատավարությամբ»։

«10 օր Անրի Վեռնոյի հետ» հուշագրության խմբագիր, անվանի կինոգետ Արծվի Բախչինյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց. - «Մեր հռչակավոր հայրենակից Անրի Վեռնոյի մասին բավական շատ է գրվել տարբեր լեզուներով, հայերեն նույնպես։ Սակայն նրա հայաստանյան այցելության մանրամասները մինչ օրս բացահայտված չէին։ Եվ այդ բացը լրացրեց մեր վաստակաշատ լրագրող, կինոգետ, պրոֆեսոր Մաթոսյանը։ Մենք տեսնում ենք մի շարք մեկը մյուսից հետաքրքրական շտրիխներ այդ մեծ հայորդու դիմանկարին, բացահայտում ենք նրա հայության տարբեր դրսևորումները, կարող են կռահել, թե ինչպես հայաստանյան նրա այցելությունը տարիներ անց պետք է արձագանքն գտներ, որպեսզի գրեր «Մայրիկ» վեպը և այդ վեպով համանուն ֆիլմ նկարահաներ։ Մեզ շատ են պակասում այս տիպի հուշագրությունները մեզանում քիչ ծանոթ մարդկանց մասին, հատկապես այս ոճով գրված, երբ հուշագիրը գրում է ոչ թե իր մասին, այլ այն մարդու մասին, որին նվիրված է հուշագրությունը»։

Գրքի նախաբանում Ռոբերտ Մաթոսյանը գրում է. - «Անրի Վեռնոյը ընդամենը իր մեկ ֆիլմով համայն աշխարհին ասաց՝ Ես Հայ եմ․․․ Ահա հայի այս տեսակն է, որ ազգ ու ժողովուրդ է ներկայացնում, եթե կուզեք՝ նաև պահում․․․ Ու հայի այս տեսակն է, որ մեզ այնքան շատ է պակասում․․․»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG