Մատչելիության հղումներ

«Անպատասխանատու վարկավորումը երկրի անվտանգությանն սպառնացող խնդիր է դառնում». սնանկացող վարկառու


«Բանկն ա դատի տվել, որ տունը բռնագրավեն, իրանց գումարն ստանան», - Լոռու բնակիչներից մեկն է։ Փորձում է դատարանների միջոցով բանկերից փրկել իր միակ տունը։ Տարիներ առաջ կնոջ ծանր հիվանդությունը բուժելու համար ստիպված վարկով գումար է փնտրել ու խարդախների ձեռքն ընկել։

«Մի ոմն անձնավորություն, տվյալ բանկի հետ կապ ուներ, եկավ, ինձ թե՝ արի գնանք քո անունով կարգավորենք: Իմ անունով անասուններ են ներկայացրել, իմ անունով տրակտոր, եսիմ ինչ, վրոդի ես բիզնեսմեն մարդ եմ, ընդլայնում եմ իմ գործունեությունը։ Տենց շատ գործեր են արել։ Էդ գործին շատ մարդիկ կլինեն խառնված, չգիտեմ, տենց էս գործը դասավորել են», - ասաց բնակիչը:։

Ստացել են կեղծ փաստաթղթերով ձևակերպված գյուղատնտեսական արտոնյալ վարկը, կիսել իրար մեջ՝ պայմանավորվելով, որ յուրաքանչյուրը կմարի իր վերցրածի մայր գումարն ու տոկոսները, պնդում է լոռեցի գյուղացին, որ չցանկացավ երևալ կադրերում։ Կինս իմանա, ինֆարկտի կհասնի, ասում է։

«Տենց համաձայնության գալով, վինուժդենի, ելանելի վիճակ չկար, իմ փողը վեր կալա, հետո իմ փողը ես վճարեցի, գնալով-գնալով, հետո-հետո իմացա, որ էդ անձնավորությունը էդ փողը ոչ տալիս ա էլ, ոչ էն ա անում, ու պլյուս դրան մի քանիսի հետ էլ նման գործողություններ արել ա չերեզ էդ բանկի հետ կապված», - պատմեց «Ազատության» զրուցակիցը։

Միակ տունը կորցնելու վտանգի տակ հայտնված լոռեցին տեղեկություններ ունի, թե իր անունով՝ իբրև հաջողակ ֆերմեր նաև պետական աջակցությունից են օգտվել, սուբսիդավորում ստացել։ Այժմ գործը դատարան է հասել։ Կուտակված խոշոր պարտքի դիմաց բանկը քաղաքացու միակ սեփականությունը՝ տունն առգրավելու պահանջ է ներկայացրել։ Պարտքը մաս-մաս վճարելու կամ վճարման ժամկետը երկարացնելու քաղաքացու որևէ առաջարկ բանկը չի ընդունել։

Հայաստանում գործող 17 բանկերն ու 46 վարկային կազմակերպություններն ամեն ամիս ավելի քան 9 միլիարդ դոլարի վարկ են տալիս։ Կենտրոնական բանկի տվյալներով, օրինակ, փետրվարին տրամադրված մոտ 4,5 տրիլիոն դրամի վարկերի կեսը տնային տնտեսություններն են ստացել, մյուս կեսը՝ ձեռնարկությունները, հասարակական կազմակերպություններն ու այլ ֆինանսական կառույցներ։ Հայաստանի գլխավոր դրամատունը տեղեկություններ չի տրամադրում չվճարված վարկերի ու դրանց հետևանքով առաջացած դատական գործընթացների մասին։ «Նման վիճակագրություն Կենտրոնական բանկը չի հավաքագրում», - հայտնել են Ազատությանը։

Ալավերդցի փաստաբան Ռոման Կոնինյանը, մինչդեռ, ասում է՝ իրենց գրասենյակ դիմողների հիմնական մասը վարկերից տուժածներն են և գնալով այդ թիվը մեծանում է։ Հայաստանում վարկ չունեցող ընտանիք գրեթե չկա և շատերն ունեզրկվում են, ասում է փաստաբանը։

«Սնանկության գործերով դիմողներն էս պահին արդեն եկել են հավասարվել սովորական քաղաքացիական իրավահարաբերությունների համար դիմողների քանակին», - ասաց Կոնինյանը:

Սնանկացման գնացող քաղաքացիները փորձում են դատարանների միջոցով ապացուցել, որ սեփականություն և եկամուտներ չունեն և, որ ի վիճակի չեն վճարել պարտքերը։ Փաստաբանն ասում է՝ դժվարությամբ, բայց գրավադրված գույք չունենալու դեպքում դատարանները ճանաչում են վարկառուի սնանկությունն ու նրան ազատում վարկային պարտավորություններից։

«Անպատասխանատու վարկավորում». Ինչո՞ւ քաղաքացին չի կատարում իր պարտավորությունը

Ինչո՞ւ են ի վերջո գործերը հասնում դատարան։ Ինչո՞ւ քաղաքացին չի կատարում իր պարտավորությունը, եթե պայմանագիր է կնքում ու խոստանում, որ կվճարի վարկի դիմաց բանկի ու վարկային կազմակերպության խաղի կանոնների համաձայն։ Փաստաբան Ռոման Կոնինյանն ասում է՝ Հայաստանում անպատասխանատու վարկավորում է իրականացվում։ Վարկային մասնագետները չեն գնահատում բիզնեսի ռիսկերը տվյալ տարածքի համար, չեն օգնում դիմողին տեղեկանալու շուկայում եղած առաջարկի և պահանջարկի մասին, չեն հաշվարկում վարկառուի վճարունակությունը։

«Հիմա բոլորս էլ գիտենք, օրինակ, գնում ենք Mobile centre, բանկի աշխատողներ են նստած, ընդամենը նայում են՝ եթե սև ցուցակում չկա, ուշացումներ չունի, վարկ են տալիս։ Բայց չեն հաշվում, էս մարդը, օրինակ, ստանում ա 20 հազար դրամ նպաստ, ուրիշ եկամուտ չունի, հազիվ հացի փող ա աշխատում, էս վարկը ոնց ա փակելու։ Քաղաքացին կարա չկարողանա հաշվարկ անել, թե ինքը էս ապրանքը որ վերցրեց, վարկը որ վերցրեց, կարանալո՞ւ ա փակի, թե՞ չէ։ էդ հաշվարկները պետք ա անի մասնագետը ու ասի, հարգելիս, դուք չեք կարող էս վարկը փակել», - ընդգծեց Ռոման Կոնինյանը:

Հայաստանում սահմանված չէ վարկի և եկամտի միջև առավելագույն հարաբերակցության նորմը։ Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարկային բեռը չպետք է գերազանցի ամսական եկամտի 40-60 տոկոսը։ Դեռ երեք տարի առաջ ԿԲ ներկայացուցիչն Ազգային ժողովում ասել էր, թե Հայաստանում այս թիվը շատ ավելի բարձր է, և նշել, թե «այս կարգավորումները դեռևս քննարկման փուլում են»։ Մինչ օրս, սակայն, որևէ նման կարգավորում չի արվել։

«Ինչ ա ստացվում, որ առաջանում ա մի հատ ոչ խելամիտ մրցակցություն, ու ասում են՝ հենց քաղաքացին եկավ էս բանկ վարկ ուզելու, մի կերպ անենք, էս վարկերը տանք, գնա։ Հետո կփակի, չի փակի, դատարանով, օրենքով հարցերը կլուծենք», - ընդգծեց փաստաբանը։

Չկա վարկային քաղաքականությունը վերահսկող որևէ մեխանիզմ

Հայաստանում վարկային քաղաքականությունը վերահսկող որևէ մեխանիզմ չկա։ 63 վարկ տրամադրող մասնավոր կառույցներն ազատ են իրենց տոկոսադրույքները, միջնորդավճարներն ու սպասարկման վճարները սահմանելու հարցում։ Դրանք սահմանափակելու, զսպելու կամ կարգավորելու որևէ լծակ չունեն կառավարությունն ու Կենտրոնական բանկը։

Քաղաքացիական օրենսգրքում ասված է՝ «վարկատուն պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով վարկ տրամադրել, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից»: Հետևաբար, ստացվում է, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները որևէ օրենք, կարգ կամ սկզբունք չեն խախտում, երբ քաղաքացուն չափազանց բարձ տոկոսներով վարկ են տալիս։

Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված խորհրդարանում իշխանական «Իմ քայլը» փորձեց վարկերի տոկոսադրույքները սահմանափակելու մասին օրենսդրական մի նախաձեռնություն առաջ քաշել, ըստ որի վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցեր 25,6 տոկոսը։ Բայց Կենտրոնական բանկը բացասական եզրակացություն տվեց և նախագիծն այդպես էլ օրենք չդարձավ։ ԿԲ-ի մասնագետն ԱԺ-ում պնդում էր, թե Հայաստանում կարճաժամկետ արագ տրամադրվող վարկերի պահանջարկ կա, և որ տոկոսադրույքի սահմանաչափ ներդնելով խնդիրը չի լուծվի, այլ կխորանա։

«Գյուղաբնակ վայրերում, հեռավոր մարզերում սահմանափակվում է ֆինանսների հասանելիությունը, ինչը խորացնում է աղքատությունը: Երբ մարդը կարիք ունի ֆինանսների, ու հնարավորություն չենք տալիս ֆինանսները ձեռք բերել բաց, թափանցիկ ձևով որոշակի կազմակերպություններից, մարդիկ գնում են արդեն վաշխառուներից են վերցնում», - նշել էր նա:

Յոթերորդ գումարման ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այսպես էր արձագանքել. «Եթե մենք ասում ենք, որ մարդուն դեղ է պետք, և դրա համար պետք է իրեն 200 տոկոսով վարկ տանք, պետք է խնդրենք մեր երկրի իմաստուն մարդկանց դրան անուն տալ: Ես վստահ եմ, որ նրանք դա անվանելու են վաշխառություն՝ անկախ այն բանից, թե ով է տալիս այդ վարկը, ինչպես է կարգավորվում և որ օրգանն է վերահսկում այդ գործընթացը»:

Այսօր Կենտրոնական բանկի տեսակետը չի փոխվել։ «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան գլխավոր դրամատնից հայտնել են. «Ֆինանսական շուկայում սահմանափակումները, որպես կանոն, չեն հանգեցնում խնդրի ցանկալի լուծման, որոնց մասին փաստում են բազմաթիվ հրապարակումներ, այդ թվում՝ հեղինակավոր միջազգային կառույցների կողմից, մյուս կողմից զսպող ազդեցություն են ունենում ֆինանսական ծառայությունների հասանելիության և տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև խոչընդոտում են ֆինանսական համակարգի ինքնակարգավորման մեխանիզմների աշխատանքը: Իհարկե, սա չի ենթադրում սահմանափակումներից իսպառ հրաժարում, և այս «գործիքը», այնուամենայնիվ, կարող է կիրառվել՝ նպատակ ունենալով համակարգը զերծ պահել հավանական ոչ ցանկալի զարգացումներից: Ուստի, սահմանափակումների կիրառումը պահանջում է հավասարակշռված մոտեցում և կարող է գործադրվել հնարավոր օգուտների և վնասների՝ ապագային միտված գնահատականների համադրության արդյունքում»:

«Բանկի աշխատակիցը պետք ա բացատրի քաղաքացուն, թե ինքը ինչի տակ ա ստորագրում». Իրավաբան

Վաշխառուներից ինչո՞վ են տարբերվում Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք իրավունք ունեն վճարումների ուշացման յուրաքանչյուր օրվա համար մայր գումարի մինչև մեկ տոկոսի չափով տույժ հաշվարկել, հարց է բարձրացնում սնանկացող վարկառուների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ այլ իրավաբան՝ Ասյա Սիմոնյանը։ Օրինակ է բերում, թե ինչպես է մի քաղաքացի կես միլիոն դրամի վարկ վերցրել, գրեթե կեսը մարել, իսկ մյուս մասն ընդամենը երեք տարում ձնագնդի պես մեծացել է 13 անգամ։

«Ամեն օր գալիս ա ժամկետանց գումարի տույժ մեկ տոկոս և ժամկետանց տույժի տույժ օրական մեկ տոկոս։ ուղղակի քաղաքացին պայմանագիրն ստորագրելու ժամանակ ոչ միայն չի նայել, սովորական քաղաքացին դա չի էլ կարող հասկանալ։ Դա բանկի աշխատակիցը պետք ա բացատրի քաղաքացուն, թե ինքը ինչի տակ ա ստորագրում, և եթե պայմանագրի կետերը չկարողանա կատարի, ինչ ա իրան սպասվում», - նշեց Սիմոնյանը։

Վանաձորցի գործարար Արմիկ Հարությունյանը ևս ունեզրկվելու վտանգի առաջ է։ Բանկը դատի է տվել նրան։ Եթե հաղթի, կինը կկորցնի իր վարսավիրանոց դարձրած սեփական բնակարանն ու ևս մեկ գեղեցկության սրահ Երևանում։ Կինն ասում է՝ քովիդի համավարակն ու պատերազմն անհնար են դարձրել վարսավիրանոցների օգուտով աշխատանքն ու իրեն թողել խոշոր վարկերի ծանր բեռի տակ։

«Մենք խնդրում էինք, որ ինչ-որ ժամանակ մեզ տրամադրեն՝ վարկային արձակուրդ, մինչև էդ քովիդից հետո ոտքի կանգնենք, սկսենք աշխատելը, որ կարողանանք գումարը վճարենք, ոչ մի կերպ մեզ չաջակցեցին», - ասաց վանաձորցի գործարարը։

Հարությունյանը հանկարծ պարզել է, որ իր վարկն ըստ պայմանագրի լողացող է, բանկն իրավունք է ունեցել միակողմանի որոշմամբ բարձրացնել տոկոսադրույքն ու մեծացնել վարկառուի ամսական վճարաչափը։ Ավելի ուշ տեղեկացել են, որ բանկն արդեն դատի է տվել՝ առանց նախապես զգուշացնելու։

«Մեզ առաջարկեցին, որ բերեք 70 հազար դրամ գումար վճարեք, հետո մենք կվերավարկավորենք ձեր վարկը, գրաֆիկ կկազմենք ու կսկսենք գրաֆիկով նորից վճարումները կատարել։ Իրանց տված ժամանակահատվածից էլ մի քանի օր, դեռ նույնիսկ մի շաբաթ առաջ մոտեցանք բանկ, գումարը ձեռներիս, որ վճարը կատարենք, որ ըստ այդմ գործընթացը սկսեն։ մեզ ասեցին, որ շատ եք ուշացրել, դա հնարավոր չի, չեն կարող ոչ մի բան անել և վերջ», - ասաց նա։

Դատարաններում էլ գործարար կինը փաստեր է բերում, որ ամուսինը քովիդի դեմ ծանր ու երկարատև բուժում է ստացել վերակենդանացման բաժանմունքում, և որ բիզնեսը համավարակի բոլոր ամիսներին պարզապես կանգ է առել։ Խնդրում է բանկին վճարման ճկուն մեխանիզմ սահմանել և վարկը մարելու հնարավորություն տալ, բայց բանկի համար սրանք դեռևս ընդունելի չեն։

«Ես խնդիր չեմ տեսնում, էդ գումարը պիտի տանք, բայց էդ գումարը տալու համար նրանք մեզ պիտի շանս տան։ Մեր քրտնաջան աշխատանքը ոնց կարելի ա մատների արանքով նայել։ Դե ես հասկանում եմ մի բան, որ, ասենք, իրանք ցանկություն ունեն մեր գույքը մեզանից տանելու», - նշեց Հարությունյանը։

Խնդիրը համատարած է, և սա արդեն երկրի անվտանգությանն սպառնացող հարց է դառնում, պնդում են գործարարներն

Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ևս սնանկացող գործարարներ կան։ Նրանցից մեկը, ով նույնպես ցանկացավ անանուն մնալ, ասում է՝ բանկը համավարակի ու պատերազմի առաջացրած ֆորսմաժորային որևէ իրավիճակ հաշվի չի առել։ Սահմանամերձ համայնքի բնակիչը, որ մասնագիտությամբ տնտեսագետ է, շեշտում է՝ իր շրջապատում վերջին երկու տարիներին բազմաթիվ բիզնեսներ կա՛մ փակվել են, կա՛մ փակման վտանգի տակ են։ Կանխատեսում է, թե այս ձախողումները դեռ շարունակվելու են։

«Բնականաբար, պայմանները թելադրում են ուժեղները։ Էս պահին ուժեղները բանկերն են կամ վարկային կազմակերպություններն են, էդ կառույցներն են, որոնք չունեն ոչ մի, կարելի ա ասել, վերահսկողություն։ Կենտրոնական բանկին ինչքան դիմում ենք, ինքը ասում ա՝ ես լծակ չունեմ իրանց վրա ազդելու, մասնավոր բիզնես ա։ Կառավարությունն էլ՝ նամակներ ա, գնում ա մի նամակ մի բաժնից մի բաժին։ Էնքան ա անում, որ էդ բանի մեջ արդեն հոգնում ես, էլ չես էլ գրում, իմաստ չունի, որովհետև նույն ոլորապտույտով գալիս ա էլի Կենտրոնական բանկ, էլի նույն բանը հետ գալի», - ասաց համայնքի բնակիչը։

Խնդիրը համատարած է, և սա արդեն երկրի անվտանգությանն սպառնացող հարց է դառնում, պնդում են գործարարներն ու փաստաբանները՝ շեշտելով, եթե անգամ ֆինանսական կազմակերպությունները մասնավոր են, ճիշտ չէ թողնել ինքնահոսի ու որևէ կերպ չկարգավորել ոլորտը։

«Ազատության» անանուն զրուցակիցը որոշել է՝ կհիմնի իրավունքների պաշտպանության մի կառույց, որը կզբաղվի իր նման տուժած անձանց խնդիրներով՝ անկախ նրանից դատարաններում կկարողանա իրենց ունեցվածքը փրկել, թե՞ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG