Մատչելիության հղումներ

«Ոչ մի կտոր հող գյուղից չենք տալու». եղիպատրուշցիները մտադիր չեն զրկվել տնամերձ հողերից լեռնադահուկային ավանի համար


Ապարան խոշորացված համայնքի 34-ամյա բնակիչ Սևակ Մաթևոսյանը պապական տան սև, բերրի հողում միրգ ու բանջարեղեն է աճեցնում։ Հարցնում է՝ կառավարությանն ո՞վ է համոզել, թե իրենց հողերն աղակալած են, որ նաև այդ պատճառով դրանք գերակա շահ են ճանաչել ու տրամադրել լեռնադահուկային ավան կառուցող մի ընկերության։

«Երբ որ մեր հարգարժան կառավարությունը մեզ ներկայացնում է ծրագիր, ներկայացնում է, որ սա աղակալված հող է, իրականում սա աղակալված հող չէ, ո՞նց կարող է սև հողը, մշակված հողը աղակալված լինի: Այստեղ տեսնո՞ւմ եք աղակալված հող», - նշում է նա:

Սևակն ասում է՝ եղիպատրուշցիները երջանկացել էին, երբ հեռուստացույցով լսել էին, որ իրենց գյուղն էլ է Ծաղկաձորի պես տուրիստական գոտի դառնալու, բայց հետո իմացան, որ դրա համար նաև իրենց տնամերձ հողերից են զրկվելու։ Գիտեն, որ գյուղից 5-10 կմ հեռու՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջին ու դրա հարակից հատվածում է ընկերությունն իր ծրագիրն իրականացնելու:

Տարակուսած են՝ իրենց տնամերձ հողերի հետ ի՞նչ գործ ունեն. «Լավ ես արել, մի 5 կմ այն կողմ արել ես, մեր գյուղացուց ի՞նչ կուզես, ախպեր, տնական հողամասից ի՞նչ կուզես: Նշանակում է, որ դու գնա, ես էստեղ կապրեմ, ուրեմն նշանակում է գյուղաթափ»:

Եղիպատրուշում մոտ 150 ընտանիք է ապրում։ Կառավարության հաստատած «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ներդրումային ծրագրով համալիրում կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180 հազար դրամ աշխատավարձով։ Ավելի քան 60 միլիոն դոլարի ներդրումային այս ծրագրի շրջանակներում հյուրանոցային համալիր կկառուցվի, 17 ճոպանուղի ու սահուղիներ կլինեն, անգամ խաղատուն կգործի։ Ընկերություննից «Ազատությանը» փոխանցեցին, որ համալիրի կառուցման համար 580 հեկտար տարածք է հարկավոր, այդ թվում՝ գյուղացիների տնամերձ հողամասերը, որ բնակիչների պնդմամբ` գտնվում են ծրագրից շուրջ 10 կմ հեռավորության վրա։

Մեկը մյուսի հետևից սեփականության վկայականները ցույց տալով` գյուղացիները հակադարձում են՝ այդ հողերը իրենց ապրուստի միակ միջոցն են. «Այնտեղ հող ունեմ ես, 30 հեկտար հող, թող շինեն, պրծնեն, էն հողն էլ վերցնեն, ոչ տնամերձը վերցնեն իմ ձեռից: Դա իմ կարտոլի տեղն ա, ո՞նց թողեմ իրենց...»:

«Էդ մի տնամերձ հողամասն ունեմ, երեխուս ամուսնացրել եմ, կարող է վաղը մեկ էլ օր ես ստեղ տուն սարքեմ, որ ես էսի տամ իրենց, ես որտե՞ղ տուն սարքեմ», - նշում է նրանցից մեկը:

Ընկերությունից հայտնում են՝ եթե լեռնադահուկային այդ համալիրը շահագործվի, 1 միլիարդ դրամից ավելի հարկ կվճարեն պետությանը։ Համայնքը կհզորանա, տարեկան 5 հազար հաճախորդի կարող են ընդունել, աշխարհի տաբեր երկրներից զբոսաշրջիկներ կգան։ Գյուղացիներն էլ ասում են՝ կողմ են, բայց իրենց սեփական հողերը վաճառել չեն ուզում։ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջով թող բավարարվեն, ասում են, այնտեղ «մի նոր Երևան կարող են կառուցել, մի՞թե դա բավարար չէ»։

Գյուղացիների մի մասն անգամ այնտեղ է հողեր վարձակալել, պատրաստ է դրանցից հրաժարվել, բայց ընդգծում են` գոնե գյուղ թող չմտնեն. «Ես դեմ չեմ, որ կառուցեն: Եթե իրենց շինարարական աշխատանքները գան, հասնեն այս տարածք, պետությունից վարձակալել եմ 25 տարով, դուրս կգամ ստեղից, եթե խանգարեմ իրենց, բայց ես չեմ խանգարում իրենց: Եթե կարիքը կլինի, սա կզիջեմ, ոչ տնամերձերն ու սեփական հողերս»:

Եղիպատրուշի բնակիչները մի քանի ամիս է` կառավարության առջև բողոքի լուռ ակցիա են անում։ Ասում են՝ ընտրություններում իրենց գյուղում հաղթած վարչապետին ինչպես բացատրեն, որ սխալ որոշում է կայացրել, եթե իրենց հողերը վաճառեն, այդ գումարով մի քանի տարի կապրեն, բա հետո ինչպե՞ս գոյատևեն։ Պնդում են՝ իրենց տարածքների դիմաց գրոշներ են առաջարկում։

Նախարարը հերքւոմ է ընկերության սեփականատերերի հետ մտերիմ հարաբերություններ ունենալը

Վերջին բողոքի ակցիայի ժամանակ նրանց լսելու էր դուրս եկել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, խոստացել գյուղում ծանոթանալ իրավիճակին։ Նախարարից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են բնակիչների ականջին հասած լուրերը, որ այդ ընկերության սեփականատերերի հետ մտերիմ հարաբերություններ ունի: Հերքեց ու ասաց՝ դա խոշոր ծրագիր է, պետք է կյանքի կոչվի. «Գյուղացիների պնդելը, որ ճոպանուղի կառուցելու համար իրենց հողերն անհրաժեշտ չեն, ճիշտ հայտարարություն չի, քանի որ այդ հողերն անհրաժեշտ են լեռնադահուկային ավան կառուցելու համար: Հայաստանում պետք է կատարվեն խոշոր կառուցվածքային ծրագրեր: Բնականաբար, գյուղացիները գիտեն, որ այդ համայնքում հողերի գինը թանկանալու է, ժամանակից առաջ ընկնելով` ուզում են իրենց ունեցվածքը կանխիկացնել ավելի թանկ գնով: Մեկը խոսակցության ընթացքում ասաց` եկեք համեմատենք մեր հողերը և Ծաղկաձորի հողերը: Դա ճիշտ չի էլի, որովհետև քանի դեռ այդ ծրագիրը չի արվել, և այդ ընկերությունն այդ 30 միլիարդը չի ներդրել, իրենց հողերն արժեն այնքան, ինչքան արժեն կողքի գյուղում»:

Բնակիչները պնդում են՝ հանրային լսումներ չեն իրականացվել, մեկ հանդիպում է եղել, որն անցել է լարված մթնոլորտում։ Ընկերությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ հանրային լսում կազմակերպելու պարտավորություն թեև չեն ունեցել, բայց կազմակերպել են։

«Երկար - բարակ չխոսենք, կարճ ասենք՝ ոչ մի կտոր հող գյուղից չենք տալու»,- ասում է Սևակ Մարտիրոսյանը՝ ցույց տալով մահացած հոր տնկած ծառերը. «Ես մինչև վերջ պայքարելու եմ, ես ոչ մի բանի դեմ կանգ չեմ առնի, ինձ ոչ իրենց գումարն է պետք, ոչ մի բանը պետք չի: Ես, Աստծուն փառք, աշխատում եմ, կարում եմ իմ ընտանիքը նորմալ պահել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG