Լիտվայի խորհրդարանը՝ Սեյմն ընդունել է Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ սահմանված արտակարգ դրությունը երկարաձգելու որոշում:
Արտակարգ դրության ժամկետը գործել է մինչև ապրիլի 20-ը: Խորհրդարանը 124 կողմ, 0 դեմ և 6 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ որոշել է սահմանել արտակարգ դրություն, որը վաղը կմտնի ուժի մեջ և կգործի մինչև հունիսի 29-ը ներառյալ:
Արտակարգ ռեժիմի մեկօրյա դադարը բացատրվում է տեխնիկական հանգամանքներով, քանի որ Սեյմը պետք է այսօր դեռ քվեարկությամբ հաստատի սահմանադրական երեք լրամշակումներ, ինչն արգելվում է անել արտակարգ դրության պայմաններում:
Ուկրաինայի վրա Ռուսաստանի կատարած հարձակման կապակցությամբ Լիտվայում արտակարգ դրությունն առաջին անգամ ընդունվել է պատերազմի հենց առաջին օրը՝ փետրվարի 24-ին: Մարտի 10-ին այն Սեյմի որոշմամբ երկարաձգվել է մինչև ապրիլի 20-ը:
Արտակարգ դրության հիմնական պահանջները գործում են սահմանամերձ շրջաններում, որտեղ ոստիկաններին տրվել է տրանսպորտային միջոցները և դրանցում գտնվող բեռը զննելու իրավունք: Դրա նպատակը բացահայտել և կանխել զենքի, զինամթերքի և պայթուցիկների, ինչպես նաև ճառագայթող կամ թունավոր և այլ տեսակի վտանգ ներկայացնող նյութերի հնարավոր փոխադրումը: