«Դաեշ» («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման զինյալներից մեկը վերջերս մեղավոր է ճանաչվել Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքացիների պատանդ վերցնելու գործով։ Սա դրական հույսեր է արթնացրել արդարություն փնտրող մյուս ընտանիքներում։
Սիրիայում ամերիկացի լրագրողների առևանգումը և սպանությունը քննող Վիրջինիայի դատարանը երկու շաբաթ տևած դատավարության արդյունքում մեղավոր է ճանաչել «Դաեշ» ահաբեկչական խմբավորման զինյալ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Էլ Շաֆի Էլշեյխին՝ արևմտյան երկրների քաղաքացիություն ունեցող 26 մարդու պատանդառման մեջ ներգրավվելու գործով:
Էլշեյխը «Դաեշ» խմբավորման հայտնի բջիջներից մեկի անդամ էր։ Բրիտանական ակցենտով անգլալեզու զինյալների այս բջիջը պատանդների շրջանում հայտնի էր որպես «Բիթլզ»։ Էլշեյխը և Ալեքսանդա Կոտեյը ձերբակալվել էին 2018-ին ու 2020-ին տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ սպասում էին իրենց դատավարությանը։ 2021 թվականին Կոտեյն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը։
Էլշեյխը մեղավոր է ճանաչվել ութ հոդվածներով՝ ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոլիի և Սթիվեն Սոթլոֆի, ինչպես նաև բուժաշխատողներ Փիթեր Քասիգի և Քեյլա Մյուլերի պատանդառման և սպանության գործով:
Պատանդների ընտանիքները ողջունել են դատարանի որոշումն ու ուրախությամբ փաստել արդարության հաղթանակը։
2012 թվականին առևանգված լրագրող Ջեյմս Ֆոլիի մայրը՝ Դայան Ֆոլին, դատավարության մեկնարկին ընդգծել է արդար դատական գործընթացի կարևորությունը:
«Կարծում եմ, որ մենք, ի տարբերություն նրանց, պետք է անենք ճիշտ հակառակը։ Նկատի ունեմ այն, որ նրանք բրիտանացի և ամերիկացի պատանդներին ոչինչ չեն տվել։ Նրանց կենդանիների պես են վերաբերվել, խոշտանգել, սովամահ արել, անմարդկային վերաբերմունք ցուցաբերել։ Կարծում եմ՝ կարևոր է, որ մենք ցույց տանք, թե ինչպես պետք է քաղաքակիրթ մարդիկ վարվեն մարդկանց հետ», - ասել է Դայան Ֆոլին։
Սա է, ըստ փորձագետների, այս դատավարության կարևորությունը։
The Soufan Center գլոբալ անվտանգության կենտրոնի փորձագետ Սթեֆանի Ֆոգեթը նկատել է. - «Դե, ամերիկացի պատանդների ընտանիքները հայտնել են իրենց կարծիքը այդ անձանց մասին, ասել են՝ ցանկանում են, որ իրենց զավակների առևանգման և սպանության մեջ ներգրավված անձինք պատասխանատվություն կրեն ԱՄՆ-ի դատարանում իրենց գործողությունների համար: Սա իրոք նախադեպ է, այն ցույց է տալիս, թե ինչպես են այդ ընտանիքները համառորեն պայքարում իրենց երեխաների համար»։
Ահաբեկչական գործողությունների, առևանգումների և սպանությունների մեջ ներգրավված անձինք հազվադեպ են մասնակցում դատավարություններին այն երկրներում, որտեղից իրենց զոհերն են:
Հյուսիսային Կարոլինայի Ուեյք Ֆորեսթ համալսարանի պրոֆեսոր Ռանդալ Ռոգանն ասել է. - «Սա նախադեպ է, որը ցույց է տալիս, թե որքան լուրջ են ԱՄՆ-ի իշխանությունները տրամադրված, հատկապես՝ նման սարսափելի հանգամանքներում մահացած իր քաղաքացիների սպանությունների համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում»։
Ըստ Ռոգանի՝ Էլշեյխի դատավարությունը հնարավորություն է ստեղծում ԱՄՆ-ի իրավապահների համար՝ հետաքննելու օտարերկրյա քաղաքացիների նմանատիպ գործերն ու պատասխանատվության կանչելու նրանց, ովքեր ներգրավված են եղել Միացյալ Նահանգների քաղաքացիների դեմ հանցագործություններում:
Այն նաև ճանապարհ է ցույց տալիս արտերկրում ահաբեկչական գործողություններից տուժած մյուսների ընտանիքներին, ովքեր արդարություն են փնտրում։
The Soufan Center-ի փորձագետ Ստեֆանի Ֆոգեթը հավելել է. - «Ապագայում սա կարող է նախադեպ լինել թե տուժածների, թե նրանց ընտանիքների համար: Նրանք կարող են հղում անել այս գործին և ասել. - «Ահա սա ենք մենք ցանկանում՝ արդարություն մեր սիրելիների համար»:
Ըստ փորձագետի՝ նման գործերը հետաքննելու համար Միացյալ Նահանգները պետք է շարունակի արդյունավետորեն համագործակցել արտերկրում իր դաշնակիցների և գործընկերների հետ։