Ֆուտբոլի աշխարհի նախկին չեմպիոն, բրազիլացի Պելեն վերստին հոսպիտալացվել է:
ESPN հեռուստակայանի հաղորդագրության համաձայն, 81-ամյա լեգենդար ֆուտբոլիստը տեղափոխվել է Սան Պաուլու քաղաքի «Ալբերտ Էնշտեյն» հիվանդանոց: Նա վերակենդանացման բաժանմունքում չէ, և նրա կյանքին այսօր վտանգ չի սպառնում:
2021 թվականին Պելեի հաստ աղիքում ուռուցք են հայտնաբերել: Այն վիրահատական միջամտությամբ հեռացվել է, ինչից հետո Պելեն քիմիաբուժության կուրս է անցել:
ESPN-ն հայտնել է, որ Պելեի աղիներում, լյարդում և թոքում մետաստազներ են հայտնաբերվել:
Պելեն (Էդսոն Արանտես Դու Նասիմենտու) մոլորակի միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ՝ 1958, 1962 և 1970 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն: Նա ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ:
Պելեին միջազգային մարզական մամուլում և ֆուտբոլի աշխարհում անվանել են «Ֆուտբոլի արքա»:
Պելեն հանդես է եկել բրազիլական «Սանտոս» և ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս» ակումբներում, ինչպես նաև Բրազիլիայի հավաքականում:
Պելեն իր մարզական կարիերայի ընթացքում 1279 գոլ է խփել, ինչը որպես աննախադեպ նվաճում գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: