Վարազախոզուկներ. այսպես կարելի է անվանել օրերս հայ-թուրքական սահմանի գյուղերից մեկում վարազի ու խոզի խաչասերումից ծնված ձագուկներին: Համացանցում կայծակնային արագությամբ տարածված նրանց լուսանկարները հրապարակել էր «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը։ Վերջինս պարբերաբար այցելում է սահմանամերձ գյուղեր, նրան հանդիպեցինք Բագրավանում:
«Իմ ընկերոջն է պատկանում խոզը և ազատ ման էր գալիս: Երբ տեսա ձագերին, պարզապես շոկ ապրեցի` սրանք խոզի նման չեն, ավելի շատ վարազի են նման, բայց քանի որ հիմա կասկածամտությունը մի քիչ շատ է բոլորիս մեջ, ես էլ կասկածեցի, ասացի` այս ի՞նչ ձագեր են խոզի տակը», - պատմում է նա:
Գյուղի տարածքում վայրի վարազին տեսնողներ եղել են։
«Կային ընկերներ, ովքեր տեսել էին այդ պրոցեսը` մեր տնական խոզը հավանաբար Թուրքիայի կողմից անցած, սահմանը հատած, այդ լեռներից եկած վարազը և խոզի զույգավորման պրոցեսը տեսել էին, ասացին, մենք մտածեցինք` կատակ են անում, բայց հիմա այդ արտառոց երևույթը գրանցվել է Անիի տարածաշրջանում` Շիրակի մարզում», - նշում է Վահան Թումասյանը:
Խոզի տերը զրուցել չցանկացավ, «Ազատությանը» բացառության կարգով տեսանյութ տրամադրեց: Գյուղացիները ենթադրում են, որ վարազը հատել է Հայաստանի սահմանը, քանի որ գյուղի տարածքում միայն էգ խոզեր են եղել:
«Սահմանները գծել են մարդիկ, կենդանական աշխարհն ինքը սահմաններ չի ճանաչում, և վարազն ու խոզը, զույգվելու շրջան է եղել, զույգվել են, բայց իրենք չեն մտածել, որ ամբողջ աշխարհով մեկ կքննարկեն այդ թեման: Փառք Աստծո, ձագեր բերեց ընդամենը 5 օր առաջ, 7 ձագ, հիմա 5-ը ողջ-առողջ են», - ասում է Վահան Թումասյանը` կատակելով, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման յուրօրինակ տարբերակ է, փոքրիկ ձագուկներն էլ հարաբերությունների հաստատման պիոներները. «Խոզերը մի քիչ առաջ անցան մարդկանցից»:
Թումասյանը հետաքրքրվել և իմացել էր, որ խոզից ու վարազից էլի ձագեր ծնվել են: Շիրակի մարզի համար, սակայն, դեպքն արտառոց էր. «Խոզի-վարազի սիրավեպի պատմությունը ևս մեկ անգամ կարևորեց, և տարբեր լեզուներով են, ի դեպ, հրապարակումներ արդեն եղել, ինքը որոշակի հետաքրքրություն բերել, շատերն ուզում են գալ այս սահմանային գյուղ: Այսօր արտասահմանյան լրագրողներ են եկել, իրենք էլ էր հետաքրքրում այդ պատմությունը»:
Շիրակի մարզում դեպքը գուցե է և արտառոց է, ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու Անգին Գրիգորյանը, քանի որ առաջին անգամ են լսում, բայց օրինակ` Դիլիջանում ու Իջևանում գյուղացիներն իրենք են խոզերին անտառ բաց թողնում` վարազների հետ խաչասերվելու:
«Տվյալներ կան, որ խաչասերման արդյունքում ստացվում են հիբրիդային ձևեր, ու այս հիբրիդներն ավելի նոր որակ են ապահովում, և մարդիկ կան, որ գնում են հենց այդ միսը, մի քիչ ամրություն ունի, բայց երկար եփելու դեպքում շատ համեղ է ստացվում: Մի անգամ զրուցելիս այնտեղի գյուղացիների հետ պարզվեց, որ նույնիսկ այս ստացված սերունդը սերունդ է տվել, իրենց շատ դժվար է եղել պահը: Այդ խնդիրը կարող է լինել: Ես չգիտեմ` ստացված սերունդը ինչքանով կարող են մեր գյուղացիները պահել որպես սովորական իրենց խոզերի նման, որովհետև իրենք ավելի ակտիվ են լինելու, կոնկրետ Իջևանի գյուղերում նմանատիպ ստացված սերունդը ինքը սովոր է անտառում վազել, ապրել», - նշեց Գրիգորյանը:
Շիրակի մարզում ծնված խոզի ու վարազի ձագուկների լուսանկարները նայելով` Անգին Գրիգորյանն ասաց, որ վայրի վարազի հետ նմանությունն ակնհայտ է:
Խոզերը և վարազները նույն ընտանիքին են պատկանում: Տարբերությունը կեցության մեջ է՝ տնային ու վայրի պայմաններում: Վահան Թումասյանն ասում է՝ ցանկացողները արտառոց ձագուկներին կարող են մեկ ամսից տեսնել ու լուսանկարել, կատակեց՝ նույնիսկ հարցազրույց վերցնել։