Պաշտոնական Մոսկվան այսօր հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ձեռնարկած «աննախադեպ թշնամական քայլերի պատճառով» անհատական պատժամիջոցներ է սահմանում այդ երկրի մի շարք ղեկավարների նկատմամբ։
Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն` Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, արտգործնախարար Էլիզաբեթ Թրասի, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և կառավարության ևս վեց անդամների մուտքը երկրի տարածք այսուհետ արգելվելու է։
Ռուսաստանի տարածք չեն կարող այցելել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյլը, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթարջընը, Անգլիայի և Ուելսի Գլխավոր դատախազ Սուելա Բրավերմանը։
«Մոտ ապագայում այս ցուցակը կընդլայնվի ի հաշիվ այն բրիտանացի քաղաքական գործիչների և խորհրդարանականների, որոնք նպաստում են հակառուսական հիստերիայի խորացմանը», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։