Մատչելիության հղումներ

Համազգային թատրոնը հանդիսատեսի համար նոր անակնկալներ է պատրաստել


Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյան
Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյան

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն ապրում է աշխույժ, լիարժեք կյանքով՝ մեր թատերասերներին մշտապես նորանոր անակնկալներ մատուցելով բեմադրում ուշագրավ, շատ հետաքրքիր ներկայացումներ։

Առաջիկայում ևս պրեմիերա է սպասվում։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը. - «Ապրիլի 30-ին ունենք «Վեներան մուշտակով» Դեյվիդ Այվըզի ներկայացումը, ես և Նարեկ Բաղդասարյանն ենք խաղում։ Բեմի վրա է ներկայացումը, և հանդիսատեսն էլ է բեմի վրա նստում։ Ռեժիսորը Սերժ Մելիք-Հովսեփյանն է։ Շատ-շատ յուրահատուկ, համարձակ պրեմիերա է»։

Գրիգորյանն ընդգծում էր, որ իրենք ջանք ու եռանդ չեն խնայում հնարավորության դեպքում ներկայացնելու իրենց բեմադրությունները նաև մարզերում։ Օրերս Համազգայինի «Եվ նորից գարուն» Օ'Հենրիի պիեսի ներկայացմամբ բացվեց Հրազդանի թատերական երիտասարդական փառատոնը, մինչ այդ էլ թատերախումբը հանդես էր եկել Գյումրիիում և Գավառում։

«Գյումրիում էինք, Գավառում երկու անգամ։ Հիմա շատ ակտիվ, ամեն օր «Եվ նորից գարուն» ենք խաղում։ Եվ «Մինուս 2» ենք տարել Գավառ։ Մի խոսքով, շատ ակտիվ ենք հիմա։ Իսկ Գյումրիում փայլուն հանդիսատես էր, չեմ կարող հիացմունքս չարտահայտել»։

Խոսելով հյուրախաղերի մասին՝ նա ասաց. - «Առաջիկայում Հայ մշակույթի օրերը Ռուսաստանում, դա էր պլանավորված։ Չգիտեմ հիմա որ օրը կտեղափոխվի, երբ։ Եվ ունենք, որ օգոստոսին գնալու ենք Լիտվա և փառատոն բացենք էնտեղ Դանիիլ Խարմսի «Լյուբով» ներկայացումով»։

Համազգայինն արդեն իսկ հասցրել է հանդես գալ հյուրախաղերով Իրանում, որտեղից շատ տպավորված են վերադարձել։ Այնտեղ նրանք մասնակցել են միջազգային թատերական «Ֆաջր» փառատոնին՝ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն». - «Շատ-շատ տոնական էր, բայց կորոնավիրուսն էլ էր շատ տոնական։ Բավականին արտասահմանյան խմբեր չէին եկել, և մրցութային ծրագիրը հանվեց արտասահմանյան խմբերից, որովհետև չորս արտասահմանյան խումբ էր ընդամենը կարողացել գնալ։ Բայց շատ-շատ լավ անցավ, խաղացինք նաև Իսֆահանում, հայ համայնքի համար։ Հետո նաև ժամանակակից պարսիկ դրամատուրգ Խոդբադդեն Սադեղի պիեսն էր թարգմանվել Գևորգ Ավետիսյանի կողմից, և դա ներկայացրեցինք մեզ մոտ։ Ապրիլի 26-ին էլ ունենք այդ ներկայացումը, ամեն ամիս խաղում ենք, հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված։ Այդպիսի համագործակցություններ անում ենք, և առաջիկայում նաև սպասում ենք, որ Իրանից ներկայացումներ գան։ Պլանավորել էինք ապրիլին, բայց չստացվեց՝ ֆինանսների հետ կապված։ Հիմա մի փոքր ավելի ուշ Անահիտ Ավադի ներկայացումը, էլի երկու պարսիկ ռեժիսորների պատրաստում են բերեն, Համազգային թատրոնում ցուցադրեն»։

Եվ բացի այս ամենից, իրանցի կինոռեժիսոր Յանուշ Մուհամեդին այստեղ նկարահանել է «6-60» ֆիլմը, որտեղ նկարահանվել են Համազգայինի դերասանները, այդ թվում Նարինե Գրիգորյանը։ Ֆիլմի պրեմիերան կկայանա Երևանում մայիս ամսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG