Մետայի 2022 թվականի առաջին ամիսների գործունեությանը վերաբերող զեկույցում նշված է, որ լրտեսական խմբի թիրախում են եղել եղել մասնավորապես ժողովրդավարության համար պայքարող ադրբեջանցի ակտիվիստներ, ընդդիմադիրներ, լրագրողներ և իշխանությունների քննադատներ արտերկրում:
Զեկույցի համաձայն, լրտեսական խումբն աշխատել է ավելի քան 70 վեբ կայքերի և դոմեյնների միջոցով: Նրանց թիրախում նաև հայաստանյան կայքեր են եղել, որոշ կայքեր ռուսական կամ թուրքական դոմեյններ են ունեցել։ Այդ կայքերի կիրառմամբ տվյալների բազա է կազմվել օգտատերերի անուններից և ծածկագրերից։ Տարբեր հաքերային ծրագրերի միջոցով բազմաթիվ օգտահաշիվներ են կոտրվել և անձնական տվյալներ հավաքագրվել: Խմբի անդամները տվյալների հավաքագրման նպատակով նույնիսկ կեղծ օգտահաշիվներ են բացել հայտնի մարդկանց անուններով ու ներկայացել որպես Ֆեյսբուքի ադմինիստրացիայի աշխատակիցներ:
Ֆեյսբուքը, Ինստագրամը, Վոթսափը ընդգրկող Մետա ընկերությունը կարողացել է հաստատել, որ այդ ցանցի գործունեությունը կապված է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետ:
Երկու տարի առաջ էլ Ֆեյսբուքի ղեկավարությունը երկար հետաքննության արդյունքում Ադրբեջանի իշխանությունների հետ կապ ունեցող հազարավոր կեղծ էջեր էր ջնջել, որոնց գործունեության թիրախում երկրի ընդդիմությունն էր, հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Բացի Ադրբեջանից, Մետան կիբերլրտեսական ցանցեր և իր օգտատերերի նկատմամբ կազմակեպված հարձակման դեպքեր է հայտնաբերել նաև Բրազիլիայում, Կոստա Ռիկայում, Ֆիլիպիններում, Սալվադորում և Իրանում:
Իշխանությունների հետ կապ ունեցող կիբերլրտեսական խմբեր հայտնաբերվել են նաև Ռուսաստանում ու Բելառուսում, որոնք թիրախային օպերացիաներ են իրականացրել ուկրաինական հեռահաղորդակցական, ինչպես նաև պաշտպանական և էներգետիկ ոլորտի նկատմամբ: Կիբերլրտեսության զոհեր են դարձել նաև մի շարք ակտիվիստներ և լրագրողներ Ուկրաինայում, Ռուսաստանում և արտերկրում: