Մատչելիության հղումներ

«Էկոքարսի» կայաններն ապամոնտաժվել են միայն ապօրինի տեղադրված լինելու պատճառով. քաղաքապետարանի ներկայացուցիչ


«Լիցքավորման կայանները ապամոնտաժվում են միության պրոուկրաինական կեցվածքի պատճառով», - սոցցանցում գրել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը։

Քաղաքապետարանը Երևանի կենտրոնական հատվածներից ապամոնտաժել է «Էկոքարս» ընկերության էլեկտրամոբիլների լիցքավորման 4 կայան։

Առաջին հայացքից արտառոց կթվա, բայց այս մասին գրառում է արել Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը՝ գրելով. «Լիցքավորման կայանները ապամոնտաժվում են միության պրոուկրաինական կեցվածքի պատճառով։ Դրանք տեղադրել էր Ուկրաինայի հայերի միությունը»։

«Եղանակն էլ կարանք քաղաքականցնենք։ Պրոստո դա աբսուրդի դաշտից է», - ասում է քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։

Նրա խոսքով, մի քանի օր է կապ է փնտրում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ու լիցքավորման այս կետերի միջև, չի գտնում։ Ըստ Հովիկ Սաֆարյանի, «Էկոքարսի» 4 կայաններն ապօրինի են տեղադրվել, ապամոնտաժվել են միայն այդ պատճառով. - «Սարքավորումները տեղադրվել են երթևեկելի գոտում՝ խոչընդոտներ ստեղծելով վարորդների համար, «կարմիր գծերում», կայանատեղերում ինքնագլուխ ինչ-որ գծանշումներ անելուց հետո։ Մի մասն էլ տեղադրվել է կանաչ տարածքում, գազոնի մեջ բետոնապատման աշխատանքների արդյունքում»։

Ամիրյան, Աայաթ-Նովա, Արամի փողոցներ, Կասկադ՝ այն հատվածներում, որտեղ «Էկոքարսը» Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ տեղադրել էր այդ սարքերը համայնքնային ենթակայության տարածքներ են։ Քաղաքապետարանի պաշտոնյան ասում է՝ եթե տնտեսվարողը որևէ գործունենություն է ուզում ծավալել, պետք է այդ թեկուզ փոքր, բայց հողի նկատմամբ որևէ իրավունք ձեռք բերի՝ վարձակալման, կառուցապատման, սեփականության. - «Ինքը էդ հողը օգտագործելու իրավունքը ձեռք չի բերել և Կադարստրում չի գրանցել»։

«Մեկ ու կես տարի է փորձում էինք ստանալ այդ իրավունքը», - հակադարձում է «Էկոքարսի» տնօրեն Անահիտ Գալուստյանը. - «Մենք բազմիցս դիմել ենք վարձակալության և այլ նպատակներով մեզ տարածք տրամադրեն, բայց քաղաքապետարանի կողմից վերջին անգամ ստացել ենք նամակ դեկտեմբերի 23-ին, որում նշված էր, որ իրենք դեռևս չունեն ոչ մի օրինագիծ»։

Գալուստյանը քաղաքապետարանի վերջին պատասխանը տրամադրեց, որ ստացել են նախորդ տարեվերջին. այստեղ կայան տեղադրելու նպատակով հողամաս ստանալու իր առաջարկին պատասխանել են, թե ներկայումս մշակվում է հայեցակարգ էլեկտրական լիցքավորման կայանների, բանկոմատների, վճարային տերմինալների տեղադրման վերաբերյալ, այն ընդունվելուց հետո նոր կքննարկվի Գալուստյանի առաջարկը։

«Քանդում են, ասում են՝ դուք ապօրինություն եք արել... Խնդրեմ, գրեք օրենքներ, մենք օրենքի սահմաններում աշխատենք, որ ամեն ինչը լինի կարգ ու կանոնով», - նշեց Գալուստյանը։

Մինչև այդ էլ, ըստ նրա, իրենից պահանջել էին էսքիզ Ճանապարհային ոստիկանությունից այն մասին, որ կայանը երթևեկությանը չի խանգարի։ Ներկայացրել էր, դարձյալ ոչ մի տեղաշարժ։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը հաստատում է, որ էլեկտրական սարքերի արտոնյալ պայմաններով տեղադրման հայեցակարգը մշակվել ու դեռ չի հաստատվել, բայց մինչև այդ «Էկոքարսը» համայնքային հողը պետք է զբաղեցներ ըստ ընդհանուր կարգի. - «Բայց դա չի նշանակում, որ կարող է մեկի համբերությունը հատել, բերի հրապարակում կամ քաղաքի կենտրոնական այլ հատվածներում, այլ մարդկանց շահերի և իրավունքների հաշվին գործունեություն սկսի»։

Հայաստանում տարեցտարի էլեկտրական շարժիչով մեքենաների թիվը ավելանում է։ Բնապահպանական առումով նախընտրելի, «կանաչ» այս մեքենաները Հայաստան ներկրվում են արտոնյալ մաքսատուրքով, սակայն, պարզվում է, դրանց լիցքավորման կայանները տեղադրման արտոնյալ ընթացակարգ չունեն։

«Էկոքարսը» Հայաստանում 23 կայան ուներ մինչև այս չորսի ապամոնտաժումը։ Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը տեղեկացրեց, որ այժմ բանակցում են քաղաքապետարնի հետ, այնտեղից հավաստիացում են ստացել, որ քաղաքական որևէ գործոն չկա, փաստաթղթային խնդիրներ են. - «Այժմ քաղաապետարանի հետ աշխատանքային խումբ է հավաքվել, որն այս իրավիճակը կդնի ճիշտ հունի մեջ։ Նրանց հետ կապի մեջ ենք, բանակցում ենք, թե ինչպես ամեն ինձ ձևակերպենք, որ նման իրավիճակներ չստեղծվեն»։

Հարությունյանը շեշտում է, որ եթե իրենց նվիրած կայանները տեղակայվեն այլ հատվածներում և օրինականացվեն, ինքը այս պատմության քաղաքական հնչերանգը չեզոքացված կհամարի ու կհեռացնի իր գրառումը սոցցանցի էջից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG