Իշխանությունները չեն մեկնաբանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցով քվեարկությանը չմասնակցելու Հայաստանի որոշումը։
Բանաձևին երեկ հավանություն էին տվել կառույցի անդամ 93 պետություններ, 24-ը՝ դեմ, 58-ը՝ ձեռնպահ։
Այս քվեարկությանը չմասնակցելու Հայաստանի որոշումը քննադատում են ընդդիմադիր խմբակցությունները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ասում է՝ իշխանությունները պետք է հստակ հիմնավորում ներկայացնեն՝ ինչու են նման որոշում կայացրել։
«Նորություն չեմ ասի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները, համեմատած այլ երկրների հետ հարաբերությունների, որակական, բովանդակային, ներառական լրիվ այլ մակարդակի վրա են գտնվում: Տեղյակ եք, որ այսօրվա դրությամբ մենք հասել ենք մի այնպիսի կետի, որ Արցախում ռուս խաղաղապահներն են, որ արցախահայության անվտանգությունն են երաշխավորում, այս իմաստով, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի այսպիսի վարքագիծը, ինձ համար հասկանալի չէ», - նշեց Վարդևանյանը՝ շարունակելով, - «Ես հետևյալը կարող եմ ասել՝ ընդդիմության դիրքորոշումն այն է, որ Հայաստանի Հանրապետության բարեկամ երկրների հետ հարաբերությունները, որոնց հետ դաշնակցային հարաբերությունները որակապես այլ մակարդակի է, համեմատած այլ երկրների հետ, պետք է ունենան միմյանց հետ փոխադարձության, վստահության տիրույթում վարքագիծ, թե դրա բանալին ո՞րն է, հավատացեք, դրա համար պետք է լինել իշխանություն»:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ իշխանությունները այսպիսով փորձում են պահպանել հավասարակշռված դիրքորոշումը ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում և քվեարկությանը չմասնակցելը պետք է այս տրամաբանության մեջ դիտարկել։
«Գլխավորն այստեղ, իհարկե, այն է, որ Հայաստանը կարողանա երկկողմ այդ շփումներում միանգամայն ռացիոնալ բացատրել իր շահերն ու խնդիրները: Եթե հարցը Ռուսաստանի դժգոհության տիրույթում է, ապա ես դիտարկում եմ հետևյալ կերպ, շատ պարզ տրամաբանությամբ, Հայաստանի դիրքավորումը ռուսական մոտեցումների դաշտում մեծ հաշվով որևէ կերպ չի նպաստելու Ռուսաստանին, փոխարենը փոխելու է Հայաստանի հետ կապված հարցերի տրամաբանությունը և խնդիրներ առաջացնելու Հայաստանի համար: Կարծում եմ՝ այս տրամաբանությամբ քննարկումները ռուսական կողմի հետ կարող են արժանանալ ռացիոնալ քննարկման, եթե կասկածների այլ տեղիք Երևանը չտա», - ասաց Բադալյանը:
Հայաստանի իշխանությունները մինչև օրս Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում չեն ներկայացրել՝ խուսափելով աջակցություն հայտնել կողմերից որևէ մեկին։ Իսկ հնչեցված հարցերին ի պատասխան կարևորել են հարցը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կարևորությունը։
Ըստ էության, իշխանության միակ ուղիղ անդրադարձը հնչեց մարտի 21-ին ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, երբ արտգործնախարարը պատասխանեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին։ Պատգամավորը Հայաստանի՝ նախորդ նմանօրինակ քվեարկությունների մասին էր հարցնում։
«Ես մեր ռուս և ռուսաստանցի գործընկերների հետ մշտապես կոնտակտի մեջ եմ, այդ թվում՝ այսօր հերթական հեռախոսազրույցն եմ ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և ուզում եմ ձեզ հավաստիացնել, չգիտեմ դա ձեզ կհիասթափեցնի, թե կոգևորի, բայց մենք չունենք խնդիրներ այս համատեքստում», - նշեց Միրզոյանը:
«Ես տպավորություն ստացա, որ այդ քվեարկությունները ռուսական կողմի հետ, ըստ էության, համաձայնեցված են եղել, որովհետև ասում եք՝ որևէ առարկություն ռուսական կողմը մեր քվեարկությունների մասով չի ունեցել», - ընդգծեց Խամոյանը:
ՄԱԿ-ում ընդունված այս վերջին բանաձևը խորը մտահոգություն է հայտնում Ուկրաինայում շարունակվող մարդասիրական ճգնաժամի կապակցությամբ՝ դատապարտելով Ռուսաստանի գործողությունները հարևան երկրի դեմ։
«Ռոյթերզ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ռուսաստանը քվեարկությունից առաջ զգուշացրել է ՄԱԿ-ի անդամներին, որ բանաձևին կողմ կամ՝ ձեռնպահ քվեարկությունը կդիտարկվի որպես «ոչ բարեկամական քայլ, որը իր ազդեցությունը կունենա հետագա՝ երկկողմ հարաբերությունների վրա»։